Շիրակը համառ պայքարում ոչ-ոքի խաղաց Ալաշկերտի հետ

05.04.2015

Շիրակը համառ պայքարում ոչ-ոքի խաղաց Ալաշկերտի հետ

Այսօր, Հայաստանի բարձրագույն խմբի  առաջնության 20-րդ տուրի շրջանակներում «Շիրակին» ծանր փորձություն էր սպասվում, քանզի հյուրընկալվել էր Բարձրագույն խմբում հավանական հետապնդողներից մեկի` «Ալաշկերտի» հետ: «Ալաշկերտը» մեկն է այն 2 թիմերից, որին «Շիրակն» ընթացիկ առաջնությունում առայժմ չի կարողացել հաղթել: 


Որակազրկման պատճառով այս խաղը բաց թողեցին հենակետային կիսապաշտպաններ Կարեն Ալեքսանյանն ու Գոռ Մալաքյանը: Վարդան Բիչախչյանն այս գոտում ասպարեզ էր դուրս բերել սենեգալցի կիսապաշտպան Ուսեյնու Դիոպին. ի դեպ, սա նրա առաջին հանդիպումն էր «Շիրակի» մեկնարկային կազմում: Սակայն կենտրոնում հենց Դիոպը  սեփական կիսադաշտում բավականին անփույթ գործեց, որից և օգտվեց ալաշկերտցի Մանասյանը, ով գնդակն ուղղեց դեպի Բարեղամյանը, իսկ վերջինս արդեն գրավեց Էլյազյանի պաշտպանած դարպասը: Ընդմիջումից հետո Դիոպին փոխարինեց Բարիկյանը:


Երկրորդ խաղակեսն ավելի բարեհաջող էր «Շիրակի» համար: Գյումրեցիները երկրորդ խաղակեսում պաշարել էին դաշտի կենտրոնը և անընդհատ գրոհում էին: Բայց հաճախակի տեղացող գրոհներն արդյունք չէին տալիս. գրեթե միշտ վերջին հարվածը կամ շեղ էր ստացվում, կամ ընդհանրապես չէր ստացվում: Զավեշտալի դեպք գրանցվեց հանդիպման 55-րդ րոպեին, երբ Էդգար Մալաքյանը ձեռքով գրավեց մրցակցի դարպասը (նա այս արարքի համար արժանացավ դեղին քարտի): Ամենավտանգավոր պահը «Ալաշկերտի» դարպասի մոտ ստեղծվեց 65-րդ րոպեին. Դավիթ Հակոբյանը, մեն-մենակ դուրս գալով, դարպասապահի դեմ, շրջանցեց վերջինիս, սակայն նրա հարվածը շեղ ստացվեց:


Տարածքային առավելությունն իր արդյունքը տվեց միայն երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակին: Պատասխան գոլի հեղինակ դարձավ Միլոշ Ստամենկովիչը. սա նրա առաջին գոլն էր «Շիրակի» կազմում:


Հարկ է  նշել  նաև դարպասապահ Գոռ Էլյազյանի հուսալի խաղը, ով մի քանի անգամ փրկեց թիմին վերահաս գոլից։


Եվ այսպես, Շիրակը համառ պայքարում ոչ-ոքի ավարտեց հանդիպումն ընդդեմ Ալաշկերտի` պահպանելով 10 միավորի առավելությունը հետապնդողներից, իսկ երկրորդ տեղում ընթացող «Ուլիսից» ետ մնալով ընդամենը երեք միավորով։ Նշենք, որ «Ուլիսը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ 


Շիրակի կազմը`

13.Էլյազյան Գոռ, 5.Դավթյան Տիգրան, 9.Բուգուհի Ժան-Ժակ, 10.Հակոբյան Դավիթ, 20.Ստամենկովիչ Միլոշ, 21.Հովհաննիսյան Գևորգ, 22.Մալաքյան Էդգար (7.Այվազյան Վիուլեն 67'), 23.Դարբինյան Ռոբերտ, 25.Դավոյան Աղվան, 36.Դիառասուբա Դրիսա (18.Մուրադյան Արամ 78'), 42.Դիոպ Ուսեյնու (12.Բարիկյան Անդրանիկ 46')


Հանդիպման Գոլերը

14.Բարեղամյան Արամ 24' (1:0), 20.Ստամենկվիչ Միլոշ 90+1' (1:1)


Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 11-ին: Այդ օրը «Շիրակը» Գյումրու Քաղաքային մարզադաշտում կհյուրընկալի երկրորդ տեղում ընթացող «Ուլիսին»: