Առաջին պոկերն ընթացիկ առաջնությունում

19.04.2015

Առաջին պոկերն ընթացիկ առաջնությունում

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի  «Բանանց» -  «Շիրակ» հանդիպումը  գոլառատ ստացվեց։ Այսօրվա հաղթանակն անչափ կարևոր էր «Շիրակ»-ի համար՝ շարունակելու չեմպիոնության մրցապայքարը։ 


Այսօր հանդիպմանը չէր մասնակցում Ռոբերտ Դարբինյանը որակազրկման պատճառով, և պաշտպանության աջ եզրում մեկնարկային կազմում էր Դավիթ Մարիկյանը: Բիչախչյանը նաև տակտիկական փոփոխություն էր կատարել դաշտի միջին հատվածում` տեղափոխելով Մալաքյան եղբայրներին կիսապաշտպանության ձախ թև, իսկ աջ թևում այսօր գործում էին Տիգրան Դավթյանը և Անդրանիկ Բարիկյանը. ենթահարձակվողի դիրքում էր Դավիթ Հակոբյանը:


Հանդիպման մեկնարկում թիմերը և երկրպագուները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հարություն Քեհեյանի հիշատակը:


Գյումրեցիները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը և առաջին 20 րոպեների ընթացքում մի քանի վտանգավոր պահեր ստեղծեցին Արթուր Թորոյանի պաշտպանած դարպասի մոտ, սակայն նախ Բուգուհին բարձր հարվածեց, այնուհետև Բարիկյանի` սուր անկյունից կատարած հարվածը փակեց պաշտպանը: Այնուամենայնիվ հանդիպման 31-րդ րոպեին հաշիվը բացվեց. տուգանային հարվածով գոլի հեղինակ դարձավ Էդգար Մալաքյանը: 20 րոպե անց Բարիկյանը տուգանային հրապարակից կատարած դիպուկ հարվածով կրկնապատկեց հանդիպման հաշիվը:


Երկրորդ խաղակեսի մեկնարկում Բանանցը կրճատեց հաշվի տարբերությունը: Իսկ արդեն մեկ րոպե անց «Շիրակ»-ի ռմբարկու Ժան-Ժակ Բուգուհին վերականգնեց 2 գոլի առավելությունը: Հաջորդող 15 րոպեների ընթացքում Բուգուհին ևս 3 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` դառնալով ընթացիկ առաջնության առաջին «պոկեր»-ի հեղինակը: Խփված գնդակներից հետո «Շիրակ»ի ֆուտբոլիստները կարծես թե կորցրեցին զգոնությունը և երկու գնդակ ընդունեցին սեփական դարպասը: Նախ «Բանանց»-ի ֆուտբոլիստ Լոպեսը հեռահար հարվածով դարձավ գոլի հեղինակ, իսկ հանդիպման 89-րդ րոպեին Գևորգ Հովհաննիսյանը դարձավ ինքնագոլի հեղինակ: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց 6:3 հաշվով` հօգուտ «Շիրակ»-ի:


«Շիրակ»-ը անչափ կարևոր 3 միավոր է վաստակում և շարունակում զբաղեցնել 2-րդ հորիզոնականը: «Շիրակ»-ին առաջատարից բաժանում է 4 միավոր: Նշենք նաև, որ «Փյունիկը» մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ Սրվեց նաև լավագույն ռմբարկուի համար մղվող պայքարը. այժմ Բուգուհին ընդամենը մեկ գնդակով է հետ մնում «Փյունիկ»-ի հարձակվող Սեզար Ռոմերոյից:


«Շիրակ»-ի կազմը`

13.Էլյազյան Գոռ, 5.Դավթյան Տիգրան (ա), 8.Մալաքյան Գոռ (15.Ալեքսանյան Կարեն 78'), 9.Բուգուհի Ժան-Ժակ (18.Մուրադյան Արամ 66'), 10.Հակոբյան Դավիթ, 12.Բարիկյան Անդրանիկ (36.Դիառասուբա Դրիսա 59'), 17.Մարիկյան Դավիթ, 20.Ստամենկովիչ Միլոշ, 21.Հովհաննիսյան Գևորգ, 22.Մալաքյան Էդգար, 25.Դավոյան Աղվան


Հանդիպման գոլերը`

22.Մալաքյան Էդգար 31' (0:1), 12.Բարիկյան Անդրանիկ 51' (0:2), 10.Ավետիսյան Պետրոս 50' (1:2), 9. Բուգուհի Ժան-Ժակ 51' (1:3), 58' (1:4), 60' (1:5), 66' (1:6), 16.Լոպես Միգել Պեդրո 73' (2:6), 21.Հովհաննիսյան Գևորգ - ինքնագոլ 89' (3:6)


Ապրիլի 25-ին «Շիրակ»-ը  Գյումրու Քաղաքային մարզադաշտում՝ ուժերը կչափի «Արարատի» հետ: