Ֆելիքս Խոջոյան. Գյումրու ակադեմիայում մարզվելն արդյունք է տալիս

28.03.2015

Ֆելիքս Խոջոյան. Գյումրու ակադեմիայում մարզվելն արդյունք է տալիս

Նախորդ մրցաշրջանի ավարտին «Շիրակի» գլխավոր մարզչի օգնական Ֆելիքս Խոջոյանը գլխավորեց «Շիրակ-2»-ը։ 2013/14  մրցաշրջանը «Շիրակ-2»-ն ավարտեց 7-րդ հորիզոնականում։ Ընթացիկ մրցաշրջանը «Շիրակ-2»-ը կրկին անհաջող մեկնարկեց, սակայն երկրորդ հատվածը հաջող սկսեց՝ տոնելով երեք հաղթանակ եւ մեկ հանդիպում ավարտելով ոչ ոքի։ «Շիրակի» պաշտոնական կայքի հետ զրուցում Ֆելիքս Խոջոյանը խոսեց կատարված աշխատանքի, ինչպես նաեւ Գյումրու նորաբաց ակադեմիայում մարզվելու առավելությոգնների մասին։

 

Նախորդ մրցաշրջանի վերջում դուք գլխավորեցիք «Շիրակ-2»-ը, ի՞նչ վիճակում եր այդ ժամանակ գտնվում թիմը։ 


- Այդ ժամանակ թիմը գտնվում էր նախավերջին հորիզոնականում և հիմնական պատճառը հոգեբանական էր, եւ դա գալիս էր նրանից, որ նախապատրաստական շրջանը լավ չէինք անցկացնոգմ. մարզվում էինք ոչ ֆուտբոլային խաղադաշտերում և տնային բոլոր հանդիպումները անցկացնում  էինք դուրսը` Աշտարակում:


- Ընթացիկ մրցաշրջանը «Շիրակ-2»-ը մեկնարկեց պարտություններով, եւ որպես արդյունք շատ միավորներ կորցրեց, իսկ արդեն մրցաշրջանի երկրորդ հատվածում թիմը տոնել է երեք հաղթանակ եւ մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի։ Ի՞նչ է փոխվել նախորդ տարվանից։

 

-  Անցյալ տարի նորից նույն խնդիրն էր, չնայած աղյուսակում՝ անկախ մեր դիրքից, խաղերից գոհ եմ: Տղաների մոտ և աշխատանքը, և նվիրվածությունը բարձր էր: 

Իսկ այս տարի ամեն ինչ փոխվեց: Այս տարի թիմը մարզվում է Գյումրու նորաբաց ֆուտբոլի ակադեմիայում որտեղ պայմանները հիանալի են: Անցյալ տարվա թիմից 5 խաղացողներ միացել են «Շիրակին», որի հետ նախապատրաստական շրջան են անցկացրել և մինչև հիմա էլ մարզվում են «Շիրակի» հետ: Դա էլ իհարկե մեծ նշանակություն ունի: Ցանկանում եմ մեր ակումբի անունից շնորհակալություն հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ 


- Ձմեռային դադարի ժամանակ ընկերական խաղերում փորձարկեցիք «Շիրակ-99»-ի խաղացողների, ի՞նչ տպավորություն թողեցին պատանի ֆուտբոլիստները։ 


- Տպավորությունները դրական են և մինչև հիմա էլ, ովքեր աչքի են ընկնում իրենց մարզումներով, մասնակցում են «Շիրակ-2»-ի մարզումնեին: «Շիրակի» մարզչական շտաբով որոշել ենք, որ անպայման պետք է սերնդափոխություն կատարենք և չի բացառվում, որ մեր պատանեկան թիմերի շատ ֆուտբոլիստներ  հաջորդ մրցաշրջանում միանան «Շիրակ-2»-ին:  Մենք հետևում ենք տարբեր տարիքային թիմերի և խաղերին, և մարզումներին: Այս պայմաններն ունենալով վստահ կարող եմ ասել, որ մեր սերունդը իր խոսքը կասի: Մեզ ժամանակ է պետք: