Շիրակն ու Գանձասարը հաղթողին չորոշեցին

17.05.2015

Շիրակն ու Գանձասարը հաղթողին չորոշեցին

Հայաստանի Բարձրագույն խմբի 26-րդ տուրի շրջանակներում «Շիրակ»-ն ուղևորվել էր քաղաք Կապան, որտեղ էլ հյուրընկալվել էր տեղի «Գանձասար-Կապան» թիմին: Երկու թիմերին էլ անչափ անհրաժեշտ էր վաստակել երեք միավոր այս խաղում` մրցաշարային աղյուսակում դիրքերը բարելավելու համար:


«Գանձասար-Կապան»-ի հետ մրցավեճում առաջին անգամ այս մրցաշրջանում «Շիրակ»-ի դարպասը պաշտպանում էր Նորայր Աբրահամյանը (հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Աբրահամյանը մասնակցել էր միայն գավաթային հանդիպումներին): Թեթև վնասվածքի պատճառով այս անգամ պահետսային նստարանում էր հայտնվել կենտրոնական պաշտպան Գևորգ Հովհաննիսյանը: Նրա փոխարեն մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Արտյոմ Միքայելյանը: Իսկ պաշտպան Դավիթ Մարիկյանը որակազրկված էր:


Հանդիպումն ստացվեց բավականին դիտարժան և գոլառատ: Խաղն ավելի ակտիվ սկսեցին դաշտի տերերը, բայց առաջինն արդյունքի հասան հենց շիրակցիները: Հանդիպման 10-րդ րոպեին «Շիրակ»-ի գոլահար Բուգուհին, ստանալով փոխանցում իր հայրենակից Դրիսայից, կարողացավ շրջանցել մի քանի պաշտպանների և դարպասապահին և սուր անկյան տակ գրավեց մրցակցի դարպասը: Մի քանի րոպե անց «Շիրակ»-ը կրկին մոտ էր հաջողությանը: Հարձակման գծում կրկին ակտիվություն ցուցաբերեց Բուգուհին, նրա հարվածը դարպասապահը հեռացրեց, գնդակը հայտնվեց Էդգար Մալաքյանի մոտ, իսկ այնուհետև Դրիսայի, վերջինիս ուժեղ հարվածը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Սակայն առաջին խաղակեսի միջնամասում կապանցիները կարգավորեցին իրենց խաղը, և երկու րոպեում երկու գոլի հեղինակ դարձան: 32-րդ րոպեին աչքի ընկավ Նարեկ Բեգլարյանը, ով արագության հաշվին կարողացավ ճեղքել «Շիրակ»-ի պաշտպանությունը, և գնդակն Աբրահամյանի գլխավերևով ուղարկեց ցանցի մեջ: Իսկ երկու րոպե անց «Շիրակ»-ի պաշտպան Աղվան Դավոյանը սեփական տուգանայինում խախտեց կաննոները նույն Բեգլարյանի նկատմամբ, որի համար մրցավար Սուրեն Բալիյանը նշանակեց 11 մետրանոց հարված. այն հստակ իրացրեց Արա Խաչատրյանը: Խաղակեսի ավարտին Բուգուհին կարող էր դուբլ ձևակերպել, բայց Արսեն Պետրոսյանը գեղեցիկ սեյվ կատարեց: Այդպես էլ ավարտվեց առաջին խաղակեսը կապանցիների առավելությամբ` 2:1 հաշվով: Երկրորդ խաղակեսի 2-րդ րոպեին Նարեկ Բեգլարյանը գլխի հարվածով կրկին դարձավ գոլի հեղինակ: Եվս երկու րոպե անց արդեն աչքի կարող էր ընկնել «Գանձասար-Կապան»-ից Գեղամ Հարությունյանը, բայց նրա հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին: «Շիրակ»-ի խաղում բեկումնային կարելի է համարել Արամ Մուրադյանի մուտքը խաղադաշտ, ով փոխարինվելուց մեկ րոպե անց դարձավ գոլի հեղինակ` «Գանձասար-Կապան»-ի առավելությունը հասցնելով նվազագույնի: Նա մոտ էր հաջողությանը նաև մեկ րոպե անց, բայց այս անգամ հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Այնուամենայնիվ, «Շիրակ»-ին հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը 85-րդ րոպեին: Միլոշ Ստամենկովիչը գլխի հարվածով դարձավ գոլի հեղինակ: Հանդիպման վերջնամասում «Շիրակ»-ի խաղում այդքան ակտիվություն մտցրած Արամ Մուրադյանը բավականին կոպիտ խախտման համար արժանացավ կարմիր քարտի և «Շիրակ»-ին թողեց 10 հոգով: Հանդիպման վերջին րոպեներն անցան բավական լարված, բայց երկու թիմերին էլ չհաջողվեց փոփոխություն մտցնել հաշվի մեջ:


«Գանձասար-Կապան» - «Շիրակ» հանդիպումն ավարտվեց առանց հաղթողի` ոչ-ոքի` 3:3 հաշվով: «Շիրակ»-ը վաստակած 1 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը մրցաշարային աղյուսակում: Իսկ ահա Բուգուհին խփած գնդակով դառնում է  ռմբարկուների ցուցակի միանձնյա առաջատար:


«Շիրակ»-ի կազմը

1.Աբրահամյան Նորայր, 3.Միքայելյան Արտյոմ, 5.Դավթյան Տիգրան (ա), 8.Մալաքյան Գոռ, 9.Բուգուհի Ժան-Ժակ (7.Այվազյան Վիուլեն 57'), 10.Հակոբյան Դավիթ (12.Բարիկյան Անդրանիկ 52'), 20.Ստամենկովիչ Միլոշ, 22.Մալաքյան Էդգար (18.Մուրադյան Արամ 68'), 23.Դարբինյան Ռոբերտ, 25.Դավոյան Աղվան, 36.Դիառասուբա Դրիսա


Հանդիպման գոլերը

9.Բուգուհի 10' (0:1), 20.Բեգլարյան 32' (1:1), 23.Խաչատրյան 34' 11մ (2:1), 20.Բեգլարյան 47' (3:1), 18.Մուրադյան 69' (3:2), 85.Ստամենկովիչ 85' (3:3)


Մայիսի 24-ին «Շիրակ»-ը կանցկացնի այց մրցաշրջանի վերջին տնային հանդիպումը. «Շիրակ»-ը կհյուրընկալի «Ալաշկերտ»-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում: