Շիրակ-2 հաղթեց Փյունիկ-2-ին

16.03.2015

Շիրակ-2 հաղթեց Փյունիկ-2-ին

Հայաստանի Առաջին խմբի առաջնության  18-րդ տուրում «Շիրակ-2» հյուրընկալվել էր «Փյունիկ-2»-ին:


Երեկվա «Շիրակ»-ի կրած պարտությունից հետո «Շիրակ-2»-ի տղաներն առավել պատասխանատվությամբ էին մոտեցել հանդիպմանը:


Նախորդ տուրի համեմատ կազմ էր վերադարձել հենակտային կիսապաշտպան Արման Ասլանյանը (նա որակազրկված էր նախորդ հանդիպման ժամանակ), իսկ կենտրոնական պաշտպանի գոտում Արման Թադևոսյանի հետ միասին գործում էր Արտյոմ Միքայելյանը:


Չնայած ամբողջ հանդիպմանը գնդակին մեծամասամբ տիրում էին «Փյունիկ-2»-ի ֆուտբոլիստները, սակայն նրանց այդպես էլ չհաջողվեց արդյունքի հասնել: Հաճախակի գրոհների արդյունքում վերջին հարվածը գրեթե միշտ շեղ էր ընթանում: Միայն առաջին խաղակեսում լավ հնարավորություն ունեցան փյունիկցիները` ստանալով 11 մետրանոց հարվածի իրավունք այն բանից հետո, երբ շիրակցի Սմբատ Ասբատուրյանը սեփական տուգանային հրապարակում վայր գցեց Կարեն Եսայանին: Հարվածն իրացրեց Ղուկաս Պողոսյանը` հարվածելով ձախ ներքևի անկյունը, սակայն գյումրեցիների դարպասապահ Սոկրատ Հովհաննիսյանը գեղեցիկ ցատկով կարողացավ որսալ գնդակը:


Իսկ ահա «Շիրակ-2»-ը խաղում էր հիմնականում երկրորդ համարով և ապավինել էր արագ հակագրոհների մարտավարությանը, ինչն իր արդյունքը տվեց հանդիպման 60-րդ րոպեին, երբ փոխարինման մտած Մհեր Սաֆարյանը, արագ կողմնորոշվելով մրցակցի տուգանային հրապարակում, կարողացավ գրավել դարպասը:


Չնայած բոլոր ջանքերին երկու թիմերի կողմից` այլևս դարպասի գրավում չարձանագրվեց:


«Շիրակ-2»-ը կրեց իր երկրորդ անընդմեջ հաղթանակը` շարունակելով անպարտելությունը Առաջին խմբի գարնանային մրցափուլում:


Հաջորդ հանդիպումը «Շիրակ-2»-ը կանցկացնի մարտի 24-ին Գյումրու քաղաքային մարզադաշտում` հյուրընկալելով «Գանձասար-2»-ին:

 

«Շիրակ-2»-ի կամը`

12. Սոկրատ Հովհաննիսյան, 3. Արտյոմ Միքայելյան, 5. Ռուդիկ Ռաֆայելյան, 6. Արման Թադևոսյան (ա), 7. Էդվարդ Փանոսյան, 8. Ռաֆիկ Ավետիսյան (13. Նարեկ Գասպարյան), 10. Արման Ասլանյան, 11. Շահե Շահինյան (19. Հակոբ Մովսիսյան), 16. Ուսեյնու Դիոպ, 17. Սմբատ Ասբատուրյան (4. Մհեր Սաֆարյան), 18. Արամ Մուրադյան (20. Լևոն Մակարյան)