«Շիրակն» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

09.08.2015

«Շիրակն» երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Հայաստանի 24-րդ առաջնության երկրորդ տուրի շրջանակներում «Շիրակն» երկրորդ հանդիպումն անընմեջ անցկացրեց սեփական հարկի տակ՝ մրցելով «Ուլիսի» հետ։ 

 

«Շիրակից» բացակայում էին հարձակվող Ժան Ժակ Բուգուհին, որը մի քանի օր առաջ տեղափոխվել էր «Տորպեդո» Արմավիր, և հարձակվողական ոճի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբան, որը փաստաթղթային խնդիրների պատճառով չի կարող առայժմ օգնել գյումրեցիներին։ 

 

Չնայած կորուստների՝ հարկ է նշել, որ առջևի գծում «Շիրակը» բավական ակտիվ էր։ Մի քանի գոլային պահեր ստեղծեցին Դավիթ Հակոբյանը, Արամ Մուրադյանը և Էդգար Մալաքյանը, սակայն վերջին պահին չէր ստացվում արդյունավետ եզրափակել հարվածը։ 32-րդ րոպեին Երևանցիների հարձակվողի հարվածից հետո անհաջող գործեց Էլյազյանը` ձեռքերից բաց թողնելով գնդակը, վրա հասած Ստամենկովիչը փորձեց հեռացնել գնդակը, բայց գրավեց սեփական դարպասը: Շիրակցիները չընկճվեցին ստեղծված իրավիճակից և ամբողջ ուժով անցան գրոհի, որն էլ իր արդյունքը տվեց։ Ձախ եզրից կատարված փոխանցումից հետո Հակոբյանը գլխի հարվածով գրավեց դարպասը:  Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ 1:1:

 

Երկրորդ խաղակեսի մեկնարկին փոխարինման դուրս եկած Վիուլեն Այվազյանը Դավիթ Հակոբյանի փոխանցումից հետո մոտ տարածությունից գրավում է Գոռ Մարտիրոսյանի դարպասը։ Մի քանի րոպե անց «Ուլիսին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը։ Սերունկումայի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Իվանովիչը գլխով հարվածեց դարպասին, գնդակն դիպչելով հորիզոնական դարպասաձողից իջավ դարպասային գծի խոտածածկին: Գլխավոր մրցավարը խորհրդակցելով իր օգնականի հետ, արձանագրեց դարպասի գրավում: 

 

Արդեն հանդիպման ավարտին Էդգար Մալաքյանին գցեցին տուգանային հրապարակում և մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց: Արմեն Տիգրանյանը դեղին քարտի արժանացավ։ Դավիթ Հակոբյանը հստակորեն իրացրեց 11 մետրանոց հարվածը: 

 

Այսպիսով, «Շիրակը» 3:2 հաշվով հաղթանակ տոնեց «Ուլիսի» նկատմամբ։