«Շիրակը» դուրս մնաց Եվրոպա լիգայից

24.07.2015

«Շիրակը» դուրս մնաց Եվրոպա լիգայից

ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Շիրակին» մրցակիցն էր շվեդական «ԱԻԿ»-ը։ Առաջին հանդիպումը գյումրեցիներն անցկացրեցին մրցակցի հարկի տակ։ Հանդիպումը տեղի ունեցավ Tele2Arena -ում՝ արհեստական խոտածածկի վրա։

 

Այդ հանդիպումը ավելի շատ հիշեցնում էր մարտի դաշտ քան ֆուտբոլային հանդիպում։ Չքննադատելով մրցավարին ասենք, որ ի վնաս «Շիրակին» նշանակվեց երկու 11մ հարվածներ և կարմիր քարտեր ստացան Արման Հովհաննիսյանը, Գոռ Մալաքյանը, Անդրանիկ Բարիկյանը։ 

 

Նշանակված առաջին 11մ հարվածը Վսեվոլոդ Եռմակովը հաջողությամբ ետ մղեց։ Սակայն մի քանի րոպե անց պաշտպանների և դարպասապահի անհամաձայնեցված գործողությունների արդյունքում տանտերերը հաշվի մեջ առաջ անցան։ Գյումրեցիները՝ Ժան Ժակ Բուգուհի և Դրիսա Դիարասուբայի ջանքերով անընդհատ  լարված էին պահում մրցակցի պաշտպաններին, բայց երկրորդ խաղակեսի վերջում «Շիրակն» արդեն ստիպված էր պաշտպանվել ամբողջ թիմով՝ 8 հոգով։ «ԱԻԿ»-ն երկրորդ գոլը խփեց երկրորդ խաղակեսում 11մ հարվածով։ Այսպիսով առաջին հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով՝ ի օգուտ շվեդների։ 

 

Հաջորդ փուլ դուրս գալը «Շիրակի» համար իրատեսական էր։ Ամբողջ հայությունը կարծես հավատում էր։ Մարզադաշտը լեփ լեցուն էր պատասխան խաղի ժամանակ։ Հայաստանի գրեթը  բոլոր անկյուններից  ֆուտբոլասերներ էին ժամանել Գյումրի՝ աջակցելու «Շիրակին»։ Բայց հրաշք տեղի չունեցավ։ 

 

Հանդիպումը մեկնարկեց գյումրեցիների գրոհներով։ Սակայն գնդակը ոչ մի կերպ չէր հայտնվում հյուրերի դարպասը։ Իսկ առաջին խաղակեսի 14-րդ րոպեին Գևորգ Հովհաննիսյանի տարրական սխալից օգտվեց  «ԱԻԿ»-ի հարձակվող Գոյտոմը և գնդակն ուղարկեց Եռմակովի դարպասը։ Եվ այստեղ բոլոր երկրպագուների երազանքները մեկ վարկյանում հօդս ցնդեցին։ Գումրեցիներին այդպես էլ չհաջողվեց ուշքի գալ, և արդեն 11 րոպե անց Իշիզակին երկրորդ գնդակն ուղարկեց «Շիրակի» դարպասը։ Հարկ է նշել, որ «Շիրակն» առնվազն 3-4  հնարավորություն ուներ դրական արդյունքի հասնելու, սակայն ֆուտբոլային բախտը մեր թիմի կողքին չէր։ 

 

Այսպիսով, «Շիրակը» 0:4  հաշվով պարտվեց շվեդական «ԱԻԿ»-ին՝ դուրս մնալով հետագա պայքարից։