Շիրակն ոչ ոքի խաղաց Ալաշկերտի հետ

09.11.2014

Շիրակն ոչ ոքի խաղաց Ալաշկերտի հետ

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ալաշկերտին»։


Հանդիպումը ստացվեց շատ լարված եւ դիտարժան։ Գնդակի համար պայքարը ծավալվում էր դաշտի ամեն մի մետրի վրա։ 30-րդ րոպեին գյումրեցիները սեփական տուգանայինում խախտեցին կանոնները Միհրան Մանասյանի նկատմամբ եւ մրցավարը ցույց տվեց 11մ նշակետին, իսկ Էդգար Մալաքյանը չվրիպեց։ Առաջին խաղակեսի ավարտին նշանակվեց եւս մեկ 11մետրանոց հարված։ Այս անգամ հյուրերի դարպասապահ Ստեփան Ղազարյանը կոպիտ խախտում թույլ տվեց Դավիթ Հակոբյանի նկատմամբ, որի պատճառով կարմիր քարտ ստացավ եւ հեռացվեց խաղադաշտից։ Հարվածն իրացրեց Ժան-Ժակ Բուգուին եւ հավասարեցրեց հաշիվը։


Երկրորդ խաղակեսում «Շիրակը» մի քանի գոլային պահեր ստեղծեց, սակայն չհասավ դրական արդունքի։ Հանդիպման ավարտին երկրորդ դեղին քարտը ստացավ Միհրան Մանասյանը եւ հեռացվեց դաշտից։


Հանդիպումից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Ւարդան Բիչախչյանն ասաց հետեւյալը՝

 

«Ֆուտբոլիստներին առաջադրանք էր տրված մեկնարկային 10 րոպեները խաղալ խորը պրեսինգով եւ արագ գոլ խփել: Գիտեինք, որ հակառակորդը հակագրոհելու է:  Կարելի է խաղը բաժանել 2 մասին՝ մինչեւ կարմիր քարտը եւ դրանից հետո: Նախքան այդ, մրցակիցը նաեւ գրոհում էր, իսկ 10 ֆուտբոլիստով մնալուց հետո անցել էր խորը պաշտպանության:

 

Ընդմիջմանը տղաներին ասացի, որ մրցակիցը պաշտպանվելու է եւ մենք քիչ հնարավորություններ ու քիչ ազատ տարածություններ ենք ունենալու: Սակայն, ճիշտ է՝ քիչ, սակայն հնարավորություններ եղան. 1-ին դեպքում Դավիթ Հակոբյանը մի փոքր շտապեց եւ թույլ հարված կատարեց. ըստ իս՝ այդտեղ ավելի հարմար կլիներ փոխանցում կատարելը: 2-րդ դեպքում Բարիկյանը հարմար դիրքից թույլ հարված կատարեց, բացի այդ էլ ուղիղ դարպասապահի վրա էր»: