Շիրակը պարտվեց Ալաշկերտին

24.05.2015

Շիրակը պարտվեց Ալաշկերտին

Այսօր, «Շիրակ»-ը անց է կացրել իր վերջին տնային հանդիպումը այս մրցաշրջանում: Թիմը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրի շրջանակներում հյուրընկալել էր «Ալաշկերտ»-ին:


Շիրակն այս խաղին մոտեցել էր զգալի կորուստներով: Որակազրկման պատճառով հանդիպմանը բացակայում էին Միլոշ Ստամենկովիչը, Աղվան Դավթյանը, Դավիթ Մարիկյանը, Անդրանիկ Բարիկյանը, Արման Ասլանյանը և Արամ Մուրադյանը: Բիչախչյանն այսօր հայտացուցակում ընդգրկել էր ֆուտբոլիստներ «Շիրակ-2» թիմից` Ռուդիկ Ռաֆայելյանին և Շահե Շահինյանին:


Շիրակցիներն ակտիվ սկսեցին հանդիպումը և արդեն 2-րդ րոպեին կարող էին բացել հանդիպման հաշիվը, երբ Բուգուհին իր արագության հաշվին ձախ եզրով անցում կատարեց դեպի տուգանային հրապարակ, նույնիսկ շրջանցեց դարպասապահին, բայց սուր անկյան տակ կատարած հարվածը շեղ ստացվեց: Առաջին խաղակեսում լավ ակտիվություն ցուցաբերեց նաև Վիուլեն Այվազյանը, ով մի քանի անգամ խառնաշփոթ ստեղծեց մրցակցի տուգանային հրապարակում, սակայն վերջին փոխանցման կամ հարվածի պահին նա մի քանի անգամ հապաղեց: Իսկ ահա երկրորդ խաղակեսը բոլորովին այլ ընթացք ստացավ: «Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստներն արդեն երրորդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ: Անկյունայինի խաղարկումից հետո անհաջող դուրս եկավ դարպասապահ Նորայր Աբրահամյանը և չկարողացավ որսալ գնդակը. այն հայտնվեց Վահագն Մինասյանի մոտ, ով և անարգել գնդակն ուղարկեց ցանցի մեջ: Բաց թողած գնդակից հետո «Շիրակ»-ի ֆուտբոլիստները նետվեցին առաջ և մի քանի անգամ լավ հակագրոհի հնարավորություններ տվեցին մրցակցին: Դրվագներից մեկում նման հակագրոհը կարող էր հաջողության բերել ալաշկերտցիներին, բայց վերջին հարվածը` Արամ Հովսեփյանի կատարմամբ, դիպավ հորիզոնական դարպասաձողին: Այնուամեյնիվ, «Ալաշկերտ»-ին հանդիպման վերջնամասում հաջողվեց արդյունքի հասնել: Հանդիպման վերջին րոպեին լավ հակագրոհ ձեռնարկեց Միհրան Մանասյանը և կարողացավ գրավել Նորայր Աբրահամյանի պաշտպանած դարպասը:


Այսպիսով, «Շիրակ»-ը պարտվեց իր վերջին տնային հանդիպումում` 0:2 հաշվով, և վերջնականապես հանգրվանեց երրորդ հորիզոնականում:


«Շիրակ»-ի կազմը`

1.Աբրահամյան Նորայր, 3.Միքայելյան Արտյոմ (42.Դիոպ Ուսեյնու 83'), 5.Դավթյան Տիգրան, 7.Այվազյան Վիուլեն (10.Հակոբյան Դավիթ 57'), 8.Մալաքյան Գոռ (11.Փանոսյան Էդվարդ 73'), 9.Բուգուհի Ժան-Ժակ, 15.Ալեքսանյան Կարեն, 21.Հովհաննիսյան Գևորգ, 22.Մալաքյան Էդգար, 23.Դարբինյան Ռոբերտ, 36.Դիառասուբա Դրիսա


Հանդիպման գոլերը`

19.Մինասյան 51' (0:1), 7.Մանասյան 90' (0:2)


Հաջորդ և այս մրցաշրջանի վերջին հանդիպումը «Շիրակ»-ը կանցկացնի մայիսի 30-ին ընդդեմ արդեն երկրորդ տեղն ապահոված «Ուլիս»-ի Հանրապետական մարզադաշտում: