Դիարասուբայի դուբլը հաղթանակ պարգևեց «Շիրակին»

10.04.2016

Դիարասուբայի դուբլը հաղթանակ պարգևեց «Շիրակին»

21-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր առաջնության առաջատար «Ալաշկերտին»։ Ի տարբերություն նախքին հանդիպմանը գյումրեցիների գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը կատարել էր մի շարք փոփոխություններ. «Կազմում ահագին փոփոխություններ էինք կատարել: Մոտավորապես 50 %-ով փոփոխել էինք կազմը: Արտյոմ Միքայելյանը, ով փոխարինում էր Ստամենկովիչին, հաջողությամբ կատարեց իր առաջադրանքները, վստահ էր: Խաղին թարմություն հաղորդող մյուս ֆուտբոլիստները նույնպես լավ հանդես եկան»։

 

Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին, թեպետ երկու թիմերն էլ մի շարք գոլային պահեր ստեղծեցին, սակայն չկարողացան բացել հաշիվը։ Հարկ է նշել, որ շատ վստահ էր խաղում տանտերերի դարպասապահ Արմեն Խաչատրյանը։ Երկրորդ խաղակեսում «Շիրակն» ավելացրեց ճնշումը և 73-րդ րոպեին  ձախ եզրում Կուակուի փոխանցումից հետո Դրիսա Դիարասուբան մեն-մենակ մնաց Կասպարովի դեմ, հարվածեց վեջինիս վրա, ապա իրենից անդրադարձից հետո գնդակն ընթացավ դարպասը: Իսկ արդեն ութ րոպե անց  Գևորգ Հովհաննիսյանն առաջ նետեց Արեոլա Սմիթին, ով փոխանցեց ավելի լավ դիրքում գտնվող Դիարասուբային, իսկ վերջինս  Կասպարովի կողքով գնդակն ուղարկեց դարպասը՝ ձևակերպելով դուբլ: «Ալաշկերտին» միայն հանդիպման վերջում հաջողվեց կրճատել հանդիպման հաշիվը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:1։ 

 

 

Հաջորդ հանդիպումը «Շիրակը» կանցկացնի ապրիլի 16-ին՝ Կապանում մրցելով «Գանձասար-Կապանի» հետ։