Առաջին հաղթանակը գարնանային մեկնարկում

06.04.2016

Առաջին հաղթանակը գարնանային մեկնարկում

Այսօր կայացավ հետաձգված 19-րդ տուրի հանդիպումները։ «Շիրակը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բանանցին»։ Հանդիպման մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերում Լեռնային Ղարաբաղում զոհված մեր հերոսների հիշատակը։ Իսկ խաղից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը ասաց հետևյալը. «Նախքան խաղի մասին խոսելը, ցանկանում եմ «Շիրակ» ակումբի կողմից ցավակցել Արցախում զոհված զինվորների ընտանիքներին, հարազատներին, ընդհանրապես հայ ազգին. փառք մեր հերոս տղաներին: Այս հաղթանակը նվիրում ենք բոլոր այն տղաներին, ովքեր գտնվում են սահմանին. մենք խոնարհվում ենք իրենց առջև»։ 

 

Տանտերերը առաջին իսկ րոպեներից անցան գրոհների։ 34-րդ րոպեին Օդիլոն Կուակուն մեն-մենակ մնաց Ստեփան Ղազարյանին դեմ, վերջինս ետ մղեց առաջին հարվածը, սակայն վրա հասած Էդեռ Սմիթը ետ մղած գնդակը փոխանցեց Կուակուին, որն այս անգամ չվրիպեց։ Առաջին խաղակեսի վերջում մոտ 20մ Նեմանյա Ստոշկովիչը գեղեցիկ հարվածով կրկնապատկեց հաշիվը։ 

Տոնելով դարպասի գրավումը՝ Ստոշկովիչը հանել է խաղաշապիկը, որի տակ եղել է շապիկ «Karabakh is Armenia» գրությամբ։

 

Երկորդ խաղակեսի մեկնարկում «Բանանցի» կազմում փոխարինման դուրս եկած Պետրոս Ավետիսյանը կրճատեց հաշվի տարբերությունը։ 70-րդ րոպեին հյուրերը մնացին տաս հոգով, երբ  երկրորդ դեղին քարտը ստացավ Վահագն Այվազյանը և հեռացվեց դաշտից։ Գյումրեցինրը հանդիպման վերջնամասում հաշիվը դարձրեցին խոշոր։ Ձախ եզրից հիանալի փոխանցում կատարեց Օդիլոն Կուակուն, և փոխարինման դուրս եկած  Վիուլեն Այվազյանը գնդակն ուղարկեց դատարկ դարպասը։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 3:1:

 

Հանդիպումից հետո Վարդան Բիչախչյանն ասաց հետևյալը. «Խաղը լավ սկսեցինք: Բնականաբար, հոգնածություն կար, ծանր սկսեցինք, քանի որ ամսի 2-ին հանդիպում ենք անցկացրել:

Կարողացանք ստեղծել շատ պահեր և արդյունքում հաղթել: Ցավոք, շատ պահեր կրկին չիրացրինք: Հանդիպումը կարելի է բաժանել 2 մասի. 1-ինում մրցակցին հնարավորություն չտվեցինք, իսկ այնուհետև՝ 2-րդ կեսի առաջին 10-15 րոպեներին մրցակիցը տիրում էր նախաձեռնությանը: Կարևոր էր ընդունած գոլից հետո 2 գոլի առավելությունը վերականգնել: Ունենալով 2-3 ռեալ պահ՝ կարողացանք 1 գոլ խփել. այս հաղթանակին երկար էինք սպասել: Անցած 3 դեպքերում մոտ ենք եղել հաղթանակին, սակայն վերջում գոլ ենք ընդունել»: