Հակոբյանի դուբլը հաղթանակ պարգեւեց Շիրակին

22.03.2015

Հակոբյանի դուբլը հաղթանակ պարգեւեց Շիրակին

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 19-րդ տուրի տնային հանդիպումը «Շիրակը» կրկին անցկացրեց Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում՝ ուժերը չափելով «Գանձասար Կապանի» հետ։

 

Գյումրեցիներին հաջողվեց դառնալ արագ գոլի հեղինակ։ Ժան Ժակ Բուգուին ձախ եզրից արագացում կատարեց, իսկ հյուրերի պաշտպանը կանոնների խախտեց վերջինիս նակատմամբ, դարպասից մոտ 25մ հեռավորության վրա։ Տուգանային հարվածը կատարեց Էդգար Մալաքյանը՝ գնդակն ուղարկելով մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ մոտ մեկ մետրից Դավիթ Հակոբյանը բացեց հանդիպման հաշիվը։ Առաջին խաղակեսում Դավիթ Հակոբյանը եւ Ժան Ժակ Բուգուին մի քանի հնարավորություն ունեին դարպասը գրավելու, սակայն եզրափակիչ հարվածը չէր ստացվում։ Առաջին խաղակեսի ավելացրած րոպեին  Բուգուիի խաբսից հետո գնդակը անդրադարձավ դեպի Հակոբյանը, ով շեշտակի հարվածով կրկնապատկեց հաշիվը՝ դառնալով դուբլի հեղինակ։ 

 

Երկրորդ խաղակեսի 66-րդ րոպեին «Գանձասար Կապանի» ֆուտբոլիստները գրոհ կազմակերպեցին, եւ Ալեքսանդր Պետրոսյանը մոտ հինգ մետրից հուժկու հարված կատարեց, սակայն հիանալի ռեակցիա դրսեւորեց Գոռ Էլյազյանը եւ տիրեց գնդակին։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2:0 հօգուտ «Շիրակի»։ 

 

Հանդիպումից հետո «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանն ասաց հետեւյալը. «Կարողացանք արագ գոլ խփել, որից հետո տղաների գործողություններում մի փոքր հանգստություն առաջացավ: Շատ կարեւոր էր, որ առաջին խաղակեսի ավարտից առաջ երկրորդ գոլը խփեցինք:  Երկրորդ խաղակեսում վատ հանդես չեկանք. կարողացանք գործը հասցնել իր ավարտին։ Ուսումնասիրել էինք մրցակցին, գիտեինք, որ նա հատկապես վտանգավոր է ստանդարտների ժամանակ»:

 

«Շիրակի» կազմը՝

 

Գոռ Էլյազյան, Գեւորգ Հովհաննիսյան, Միլոշ Ստամենկովիչ, Էդգար Մալաքյան (73, Ուսեյնու Դիոպ), Աղվան Դավոյան, Կարեն Ալեքսանյան (ա), Ռոբերտ Դարբինյան, Գոռ Մալաքյան (63, Տիգրան Դավթյան), Դավիթ Հակոբյան, Դրիսա Դիարասուբա (80, Վիուլեն Այվազյան), Ժան-Ժակ Բուգուի