«Շիրակը» գեղեցիկ պայքարում պարտվեց «ԼԱ Գելեքսիին»

04.02.2016

«Շիրակը»  գեղեցիկ պայքարում պարտվեց «ԼԱ Գելեքսիին»

Հունվարի 30-ին երկրորդ անգամ թիմերի պատմության մեջ կայացավ ընկերական հանդիպում։ «ԼԱ Գելեքսին» Քալիֆորնիայի Քարսոն քաղաքի ՍտաբՀաբ կենտրոնում հյուրընկալեց «Շիրակին»։ Մարզադաշտում ներկա էին մոտ 11 000 ֆուտբոլասեր, ներկա էին նաև շատ թվով մեր հայրենակիցներ, որոնք շատ ջերմ երկրպագում էին «Շիրակին»՝ հանդիպման ամբողջ ընթացքում ոգևորելով մեր թիմին։ 

  

Առաջին խաղակեսը գյումրեցիները հիանալի անցկացրեցին։ Մեր պաշտպանները ոչ մի հնարավորություն չտվեցին Ռոբի Քինին և Ջովանի Դո Սանթոսին մոտենալ մեր դարպասին։ Քինը մեկ անգամ մոտ էր դարպասը գրավելուն, սակայն այտդեղ մեզ օգնեց դարպասաձողը։ Ոչինչ չհաջողվեց նաև Սթիվեն Ջերարդին, որին կիսապաշտպանության կենտրոնում լավ հսկում էին Գոռ Մալաքյանը և Մուհամեդ Կաբան։ Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ 0:0: 

 

Երկրորդ խաղակեսում Բրյուս Արենան ամբողջովին փոխեց թիմի կազմը՝ դաշտ մտցնելով 11 թարմ խաղացող։ Ինչի արդյունքում արդեն իսկ  54-րդ րոպեին ամերիկյան թիմին հաշվի մեջ առաջ  մղեց Խոսե Վիլյառեալը։ 21 րոպե անց փոխարինման դուրս եկած Վիուլեն Այվազյանը Ռոբերտ Դարբինյանի հիանալի փոխանցումից հետո հավասարեցրեց հաշիվը։ Սակայն մեր պաշտպանները հանդիպման վերջում սխալ թույլ տվեցին  և Խոսե Վիլյառեալը դարձավ դուբլի հեղինակ։ 

 

Այսպիսով, երկրորդ անգամ «Շիրակը» նույն 1:2 հաշվով պարտվեց «ԼԱ Գելեքսիին»։