Շիրակը կհյուրընկալվի Լոս Անջելես Գելեքսիին

07.11.2013

Շիրակը կհյուրընկալվի Լոս Անջելես Գելեքսիին

Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակը» գալիք տարի ուսումնամարզական հավաք է անցկացնելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

 

Երկու շաբաթյա հավաքի ընթացքում Շիրակը փետրվարի 15-ին, տեղի ժամանակով 19:30-ին, ընկերական հանդիպում կանցկացնի «Լոս Անջելես Գելեքսիի» հետ :

 

Հանդիպումը տեղի է ունենալու Կալիֆորնիա նահանգում գտնվող Կարսոն քաղաքի «Սթաբհաբ» մարզադաշտում, որն ունի 27.000 նստատեղ:  «Լոս Անջելես Գելեքսին» 2012թ. դարձել է MLS-ի հաղթող, իսկ այս մրցաշրջանում նրանք փլեյ-օֆում զիջեցին  «Սոլտ Լեյքին»: 

 

Այս թիմում  հանդես է գալիս ԱՄՆ-ի հավաքականի առաջատար Լենդոն Դոնովանը, ում վերջին ակումբը եղել է  Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Էվերթոն» թիմը:  «Գելեքսիի» թիմի ավագը իռլանդացի հայտնի գոլահար Ռոբբի Քինն է: Դեռևս անցյալ տարի թիմում հանդես էր գալիս հանրահայտ անգլիացի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը, ով թիմին առաջնորդեց դեպի չեմպիոնական տիտղոսը: 

Ժամանակին, «Լոս Անջելեսի Գելեքսիում» հանդես է եկել նաեւ հայազգի ֆուտբոլիստ Ալեկո Իսկանդարյանը: Վերջինս նաև հանդես է եկել ԱՄՆ-ի Մ20տ և ազգային հավաքականներում: Ինչպես նաև 2004թ. ԴՍ Յունայթեդի (Վաշինգտոն) կազմում դարձել է MLS-ի հաղթող և ճանաչվել է լիգայի ամենաօգտակար խաղացող: