Շիրակն երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

09.03.2015

Շիրակն երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրի շրջանակներում «Շիրակը» սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Միկային»։ Հանդիպումը եղանակային պայմանների պատճառով անցկացվեց Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում։ 

 

«Շիրակը» շատ ագրեսիվ սկսեց հանդիպումը, առաջին իսկ րոպեներից նետվեց առաջ։ Արդեն 9-րդ րոպեին Էդգար Մալաքյանը կարող էր բացել հանդիպման հաշիվը, երբ Գոռ Մալաքյանի փոխանցումից հետո նրա գլխով հարվածը մի փոքր շեղ ստացվեց: Իսկ 19-րդ րոպեին «Միկայի» պաշտպանների սխալից օգտվեց Դրիսա Դիարասուբան եւ գնդակը փոխանցեց Բուգուիին, ով գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Առաջին խաղակեսում տանտերերը մի քանի լավ հնարավորություն ունեին հաշիվը կրկնապատկելու, սակայն մի դրվագում Էդգար Մալաքյանի հարվածը շեղ ստացվեց, իսկ մյուս դրվագում Բուցուիի մոտ 7 մետրից հարվածը հյուրերի պաշտպանը կարողացավ դարպասային գծի մոտից գնդակը դուրս բերել:

 

Երկրորդ խաղակեսի 60-րդ րոպեին շիրակցիները արագ հակագրոհ էին կազմակերպել։ Բուգուին ձախ եզրով արագացել էր, իսկ վերջինիս կանոնների խախտումով կասեցրած Տիգրան Բարսեղյանը դեղին քարտ ստացավ: Նշանակված տուգանային հարվածը իրացրեց Դավիթ Հակոբյանը, որի հարվածից հետո  Ֆիշյանին դժվարությամբ հաջողվեց հեռացնել գնդակը: 75-րդ րոպեին Ժան-Ժակ Բուգուին հեռահար հուժկու հարվածով կրկնապատկեց հաշիվը եւ երկրորդ հանդիպումն անընդմեջ դուբլ ձեւկերպեց։ 81-րդ րոպեին Վիուլեն Այվազյանը կարող էր հանդիպման հաշիվը դարձնել խոշոր, սակայն,  մեն-մենակ դուրս գալով դարպասապահի դեմ, չկարողացավ շրջանցել վերջինիս: 

 

Հարկ է նշել, որ հիանալի էին խաղում «Շիրակի» պաշտպանները, եւ շատ վստահ էր գործում դարպասապահ Գոռ Էլյազյանը։ 

 

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով հօգուտ «Շիրակի»։ Հաջորդ հանդիպումը գյումրեցիները կանցկացնեն մարտի 15-ին՝ մրցելով «Փյունիկի» հետ։ 

 

 

«Շիրակի» կազմը՝

 

Գոռ Էլյազյան, Գեւորգ Հովհաննիսյան, Միլոշ Ստամենկովիչ, Էդգար Մալաքյան (85, Ուսեյնու Դիոպ), Աղվան Դավոյան, Տիգրան Դավթյան (ա), Արտյոմ Միքայելյան, Գոռ Մալաքյան, Դավիթ Հակոբյան, Դրիսա Դիարասուբա (67, Վիուլեն Այվազյան), Ժան-Ժակ Բուգուի (78, Անդրանիկ Բարիկյան)