Շիրակը սկսում է համագործակցությունը Օրանժի հետ

09.04.2014

Շիրակը սկսում է համագործակցությունը Օրանժի հետ

Այսօր՝ ապրիլի 9-ին, «Orange-Armenia»  ընկերությունը հայտարարեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հետ իր համագործակցության մեկնարկը։


Փոխգործակցության շրջանակում, մասնավորապես, «Օրանժն» օժանդակելու է «Շիրակի» մանկապատանեկան դպրոցի 400 սաներին, որոնց տրամադրվելու է մարզումային հագուստ, իսկ 175 պատանիների, որոնք հանդես են գալիս Հայաստանի տարբեր տարիքային առաջնություններում, կնվիրաբերվի նաև խաղային և ներկայացուցչական համազգեստ ու մարզակոշիկներ:


Անդրադառնալով «Շիրակի» հետ համագործակցությանը, «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը շեշտել է, որ իրենք մեծապես կարևորում են երեխաներին ցուցաբերվող աջակցությունը, հույս հայտնելով, որ մեկնարկած փոխգործակցությունը հնարավորություն կտա՝ թեթևացնելու Գյումրիի ընտանիքների ֆինանսական բեռն ու ֆուտբոլը գյումրեցիների համար դարձնելով առավել հասանելի:


-«Օրանժ» ընկերության հետ մեր համագործակցութունը մեծ աջակցություն կլինի սպորտային ավանդույթներով հարուստ Գյումրիում ֆուտբոլի զարգացման համար: «Օրանժի» այս քայլը գնահատելի է, որովհետև Շիրակի մարզը և մասնավորապես Գյումրին սոցիալական առումով ամենախոցելին են Հայաստանում: Կարծում եմ` այն մեծ ոգևորություն կառաջացնի «Շիրակի» մարզադպրոցի մանկապատանեկան տարիքային խմբի սաների և ընդհանուր առմամբ` ակումբի շրջանում: Հուսով եմ` այս ձեռնարկը սկիզբ կդառնա «Օրանժի» հետ «Շիրակի» համագործակցության հետագա խորացմանը», - իր հերթին ավելացրել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը: