Արման Սահակյան. Կարող ենք նույն հաջողությամբ պահպանել մեր ձեռքբերումները

02.08.2013

Արման Սահակյան. Կարող ենք նույն հաջողությամբ պահպանել մեր ձեռքբերումները

Գյումրիի «Շիրակն» առաջին անգամ եվրագավաթներից դուրս մնաց առանց պարտվելու՝ Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլում 2 անգամ ոչ-ոքի խաղալով Բելգրադի «Պարտիզանի» հետ (1:1, 0:0):

Armsport.am-ի հետ զրույցում «Շիրակի» ելույթներն ամփոփեց ակումբի նախագահ Արման Սահակյանը.

 

- «Շիրակը» երկրորդ տարին անընդմեջ մասնակցեց եվրագավաթներին: Նախորդ տարի թիմը մեկ փուլ հաղթահարեց Եվրոպա լիգայում, այս տարի՝ Չեմպիոնների լիգայում: Այս տարվա ելույթները կարելի՞ է ավելի հաջող համարել:


- Ես չեմ կարող դժգոհ լինել թիմից, քանի որ մենք արժանի խաղ ցուցադրեցինք որակավորման 2-րդ փուլում: Շատ ծանր է համակերպվել այն մտքի հետ, որ առանց պարտվելու ենք դուրս մնում հետագա պայքարից, սակայն, միաժամանակ, «Շիրակի» ցուցադրած խաղում ես ակնհայտ առաջընթաց եմ նկատում: Չմոռանանք, որ մեզ բաժին էր հասել հնարավոր ամենաուժեղ մրցակիցը՝ Բելգրադի «Պարտիզանը», որը եվրագավաթներում հաջող հանդես գալու հսկայական փորձ ունի, իսկ նրա հարկի տակ հանդիպումները՝ փորձություն են ցանկացած թիմի համար:


«Պարտիզանի» հետ 2 խաղերում մենք ավելի շատ գոլային պահեր ունեցանք, ինչը փաստում է, որ «Շիրակին» լավ ապագա է սպասում:


- Կարծքիներ հնչեցին, որ «Շիրակը» պարտավոր էր հաղթահարել երկրորդ փուլի արգելքը…


- Ինձ շատ հաճելի է ու դրական, որ մեր մրցակիցը 20մլն դոլար բյուջե ունեցող «Պարտիզանն» էր: Շատ մասնագետների կարծիքով, «Պարտիզանն», «Այաքսից» հետո, Եվրոպայում ամենաշատ տաղանդներ տվող ակումբն է: «Պարտիզանի» մարզիչը ընդգծեց, որ իրենք անցան հաջորդ փուլ՝ դարպասապահի վստահ խաղի շնորհիվ: Իսկ մեր խաղացողներից ես պետք է շնորհակալ լինեմ, որ նրանք խաղացին հաղթանակի համար, ինչը կփաստեն բոլոր այն անձիք, ովքեր դիտել են հանդիպումները:


- Իսկ ի՞նչը խանգարեց «Շիրակին», որպեսզի թիմը հայտնվեր որակավորման 3-րդ փուլում:


- Չմոռանանք, որ թիմը 2.5 տարի է, ինչ վերականգնվել է եւ այս ընթացքում, ի շնորհիվ մեր մարզիչների եւ խաղացողների, մեծ առաջընթաց ենք արձանագրել այնքան, որ այսօր «Պարտիզանի» նման հակառակորդի հետ գրանցած 2 ոչ-ոքիները՝ վատ արդյունք են համարվում: Հայկական ոչ մի թիմ դեռ չի հասել երրորդ փուլ, իսկ մենք շատ մոտ էին այդ արդյունքին, բայց, ցավոք, սպորտային բախտը եւ փորձի պակասը չհերիքեց: Գյումրիում կարող էինք վստահ հաղթանակ տոնել, ստեղծել ամլության շոշափելի պաշար, ինչը զգալիորեն կհեշտացներ գործը պատասխան խաղում:


Տպավորիչ էր նաեւ, որ Բելգրադի խաղից հետո, «Պարտիզանի» երկրապգուներն իրենց թիմի ղեկավարներին սուլեցին եւ շշեր նետեցին նրանց ուղղությամբ, իսկ «Շիրակի» խաղացողներին՝ ծափողջույններ հասցեագրեցին:


Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ «Շիրակի» երկրպագուներին, որոնք Բելգրադի հանդիպմանը, որը սկսվել է բավական ուշ ժամի, հետեւել են Գյումրիի կենտրոնական հրապարակում:


- Չեմպիոնների լիգայի 2013/14թթ. խաղարկությունը «Շիրակի» համար անցավ պատմության գիրկը, իսկ, ահա, այս շաբաթ (oգոստոսի 3-խմբ.) մեկնարկում է Հայաստանի առաջնությունը: Ի՞նչ եք սպասում նոր առաջնությունից:


- Բնական է, որ մենք պայքարելու ենք չեմպիոնի կոչումը պահպանելու համար: Մենք ունենք ուժեղ կազմ, թիմում տիրում է լավ մթնոլորտ եւ ես կարծում եմ, որ կարող ենք նույն հաջողությամբ պահպանել մեր ձեռքբերումները:


- Տեղեկություններ կան, որ Չեմպիոնների լիգայում ունեցած ելույթներից հետո, «Շիրակի» խաղացողները գրավել են մի քանի արտասահմանյան ակումբների ուշադրությունը:


- Այո, եվրոպական մրցասպարեզում ելույթներից հետո, կա որոշակի հետաքրքրություն: Մենք փորձելու ենք գործել այնպես, որ մեր թիմի խաղացողները հայտնվեն լավ առաջնություններում եւ ունենան լավ ապագա:


Միաժամանակ, չենք անտեսելու առաջնությունը՝ պահպանելով մրցունակ կազմ: