ԿԱՐԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ԵՐԿԱԿԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

02.08.2013

ԿԱՐԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ԵՐԿԱԿԻ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

Գյումրիի «Շիրակի» փորձառու խաղացող Կարեն Ալեքսանյանը, Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Պարտիզանի» հետ պատասխան խաղից հետո, armsport.am-ին կարճ հարցազրույց տվեց.

 

- «Շիրակը» դուրս չեկավ երրորդ փուլ, սակայն երկրորդ փուլում կարողացավ արժանի խաղ ցուցադրել Սերբիայի չեմպիոնի հետ հանդիպումներում: Ի՞նչ զգացողություններով եք լքում Չեմպիոնների լիգան:


- Երկու խաղերում էլ` «Շիրակը» ոչնչով չզիջեց «Պարտիզանին», սակայն ֆուտբոլը միայն հիմնական ժամանակը չէ, այլ նաեւ մրցավարի ավելացրած րոպեներն են եւ, փաստորեն, մենք առաջին խաղում 92-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով դուրս մնացինք հետագա պայքարից: Ցավալի է նաեւ, որ մենք չիրացրեցինք մեր 100 տոկոսանոց պահերը: Շատ քիչ մարդիկ էին հավատում, որ «Շիրակը» կարող է այսկերպ ելույթ ունենալ «Պարտիզանի» նման մրցակցի հետ հանդիպումներում:


Մեր ակումբն ամեն ինչ ներդրեց, որպեսզի հասնի լավ արդյունքի: Իրականում, շատ ավելի դժվար էր, քան թվում է… Խոսքը վերաբերում է հատկապես արտագնա խաղին, որում «Պարտիզանին» մեծ աջակցություն էին ցուցաբերում տրիբունաները: Փառք ու պատիվ տղաներին, որ կարողացան լավ մակարդակով անցկացնել այս հանդիպումները: Երկակի զգացողություններ կան երկրորդ խաղից հետո: Ոչ ուրախ ենք, ոչ էլ՝ շատ ընկճված: Բայց տխուր ենք, որ չկարողացանք հայտնվել երրորդ փուլում:


- Խաղասկզբում «Շիրակի» մոտ կար լարվածություն, թերևս, այն հանգամանքի պատճառով, որ թիմը նախկինում նման մթնոլորտում արտագնա հանդիպում չէր անցկացրել:


- Առաջին խաղից հետո, մենք մի շաբաթ ունեինք պատրաստվելու համար եւ մարզչական շտաբը լավ էր ուսումնասիրել արտագնա խաղի նրբությունները: Մենք գիտեինք, որ մեկնարկում բարդ է լինելու, քանի որ մրցակիցը սկզբից փորձելու էր ճնշում գործադրել, իսկ երկրպագուներն էլ նպաստելու էին լարվածության մեծացմանը: Մենք պատրաստ էինք այդ ամենին: Պետք է ընդգծեմ նաեւ, որ մեր դարպասապահը շատ լավ խաղաց, իսկ դրվագներից մեկում՝ պարզապես ֆանտաստիկ խաղ ցուցադրեց:


- Չեմպիոնների լիգան արդեն անցյալում է: Այս տարվա խաղարկության 4 հանդիպումներից հետո, «Շիրակն» արդեն լա՞վ մարզավիճակում է մոտենում մեկ շաբաթից մեկնարկող Հայաստանի առաջնությանը:


- Մի փոքր ետ գնանք եւ վերհիշենք «Տրե Պենեի» հետ խաղերը, որոնց համար մեզ շատ քննադատեցին: «Տրե Պենեի» հետ Հայաստանում կայացած խաղից հետո ես նշել էի, որ թիմն աստիճանաբար մարզավիճակ է հավաքում եւ միանգամից հնարավոր չէ լավ որակի խաղ ցուցադրել: Զգացվում էր նաեւ միջազգային խաղերի անհրաժեշտ փորձի պակասը, իսկ, ահա, Բելգրադի խաղում արդեն այդ պակասը չնկատվեց, քանի որ թիմը ռիթմի մեջ էր: