ԱՐՄԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ. ՀԱՍԿԱՆԱԼԻ Է, ՈՐ ՄԵՆՔ ԱՅՍ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԺԽՏԵԼԻ ՖԱՎՈՐԻՏՆ ԵՆՔ
26.06.2013
13 տարվա ընդմիջումից հետո, Գյումրիի «Շիրակը» հանդես կգա Չեմպիոնների լիգայում՝ 2013/14թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում մրցելով Սան Մարինոյի չեմպիոն «Տրե Պենեի» հետ: Հայաստանի չեմպիոնի նախագահը՝ Արման Սահակյանը, armsport.am-ի հետ զրույցում խոսեց վիճակահանության արդյունքների մասին.
- Նախորդ տարի «Շիրակը» վերադարձավ եվրագավաթներ՝ Եվրոպա լիգայում հաղթահարելով «Ռուդարի» արգելքը: Հավասար պայքար մղեցինք նաև երկրորդ փուլում, սակայն մարզական բախտը «Բնեյ Յեհուդայի» կողմն էր եւ մենք լքեցինք հետագա պայքարը: Այս տարի պետք է փորձենք մեկ քայլ առաջ գնալ՝ հաղթահարելով 2-րդ փուլի արգելքը:
Առաջին փուլում մեզ համեստ մրցակից է սպասում՝ Սան Մարինոյի չեմպիոնը, որը եվրագավաթներում անցկացրած իր բոլոր հանդիպումներում զիջել է մրցակիցներին: Սակայն մրցակցին թերագնահատելու մասին խոսք լինել չի կարող: Ավելորդ եմ համարում թվարկել հայկական ֆուտբոլին եւ կոնկրետ «Շիրակին» առնչվող այն դեպքերը, երբ մրցակցին թերագնահատելն՝ ունեցել է վատ հետեւանքներ: Հասկանալի է, որ մենք այս դիմակայության անժխտելի ֆավորիտն ենք, սակայն մեր կարողությունները պետք է ցույց տանք խաղադաշտում՝ առաջիկա 2 հանդիպումներից յուրաքանչյուրում:
Երկրորդ փուլում հայտնվելու դեպքում մենք մրցելու ենք շատ ավելի հեղինակավոր եւ փորձառու թիմի՝ Բելգրադի «Պարտիզանի» հետ: Այդ հանդիպումներում էլ մեր թիմը ջանք չի խնայելու դրական արդյունքի հասնելու համար, բայց ներկայումս «Շիրակը» նախապատրաստվում է «Տրե Պենեի» արգելքը հաղթահարելու ուղղությամբ, իսկ «Պարտիզանին» մանրամասն անդրադառնալու առիթներ դեռ կլինեն:
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲ «Շիրակ» (Գյումրի), 1958-2013. Բոլոր իրավունքները պաշտպանված են