ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻՑ ՀԵՏՈ՝ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

08.08.2013

ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻՑ ՀԵՏՈ՝ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

Գյումրիի «Շիրակում» այսօր՝ օգոստոսի 2-ին տեղի ունեցավ կադրային 2 փոփոխություն: Թիմից հեռացավ քենիացի Ջորջ Օդիամբոն, մինչդեռ Հայաստանի չեմպիոնի կազմը համալրեց կոտդիվուարցի կիսապաշտպան Սերժ Դեբլեն:

 


«Շիրակի» մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը armsport.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թիմի կազմում սպասվում են նոր փոփոխություններ:

 


- Այսօր «Շիրակի» կազմը համալրեց կոտդիվուարցի Սերժ Դեմբլեն: Երկա՞ր ժամանակ եք հետևել նրա խաղին:

- Նրա խաղին ծանոթացել էինք դեռևս ձմռանը, Անթալիայում կայացած ուսումնամարզական հավաքի ժամանակ։ Գիտեինք, որ ուժեղ խաղացող է: Վերջերս նրա գործակալը հայտնեց, որ Դեմբլեն ազատ խաղացողի կարգավիճակ ունի և մենք որոշեցինք պայմանագիր կնքել, քանի որ լավ տպավորություն ունենք նրա խաղից և գիտենք, որ ուժեղ ֆուտբոլիստ է:

- Դեբլեն ո՞ր դիրքերում կարող է օգտակար լինել «Շիրակին»:

 

- Հանդես է գալիս կիսապաշտպանության բոլոր դիրքերում: Կարող է հանդես գալ նաև՝ որպես ենթահարձակվող:

 


- «Շիրակից» այսօր հեռացավ Ջորջ Օդիամբոն: Պատճառը Դեմբլեի հետ կնքված պայմանագի՞րն է:
 


- Օդիամբոն փետրվարին համալրեց մեր կազմը, ապա մասնակցեց առաջնության 10 հանդիպման: Վատ հանդես չեկավ, սակայն մենք ցանկացանք ավելի որակով խաղացող ձեռք բերել, ինչի արդյունքում՝ երկկողմանի համաձայնությամբ խզեցինք նրա հետ պայմանագիրը, որից հետո նա տեղափոխվեց «Ուլիս»:

 

- Սերբական լրատվամիջոցները նշում են, որ այդ երկրի առաջատար ակումբները` «Պարտիզանը» և «Ցրվենա Զվեզդան», լրջորեն հետաքրքրված են «Շիրակի» հարձակվող Ֆոֆանա Բեկոյով: Որքանո՞վ է իրատեսական Բեկոյի տեղափոխությունը Սերբիա:
 


- Միայն սերբական թիմերը չէ, որ հետաքրքրված են Բեկոյի ծառայություններով։ Ներկայումս ընթանում են բանակցություններ, որոնք առաջիկա օրերին ավարտին կհասցվեն: Նշեմ, որ արտասահմանյան ակումբների կողմից հետաքրքրություն կա ոչ միայն Բեկոյի նկատմամբ: Կան նաև այլ խաղացողներ, որոնք, հավանական է, տեղափոխվեն արտասահման: Կունենանք նաև համալրումներ: Այժմ փորձում ենք գտնել լավագույն տարբերակները:

 


- «Շիրակի» խաղացողների նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է Չեմպիոնների լիգայում ունեցած ելույթներից հետո՞:
 


- Նախքան այդ էլ առկա էր որոշակի հետաքրքրվածություն, բայց Չեմպիոնների լիգայից հետո՝ առաջարկները շատացան և ավելի կոնկրետացան:

 


Եվրագավաթներում հաջող ելույթ ունենալը՝ չի կարող անհետևանք մնալ: Այս տարի, հայկական բոլոր թիմերն էլ լավ խաղ ցուցադրեցին և ապացուցեցին, որ շատ

քիչ է մնացել` մի քանի փուլեր հաղթահարելուն:

 


- Վաղը մեկնարկում է Հայաստանի Բարձրագույն խմբի 2013/14թթ. առաջնությունը, որին դարձյալ մասնակցելու են 8 թիմեր: Ըստ Ձեզ, գալիք առաջնությունում կարելի՞ է ակնկալել ավելի թեժ պայքար:
 


- Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, ծավալված իրադարձություններից կարելի է ենթադրել, որ պայքարն, իրոք, թեժ է լինելու, քանի որ բոլոր թիմերն էլ ունեցել են համալրումներ և իրենց առջև դնում են բարձր խնդիրներ: Պարզ է, որ «Շիրակը» լինելով գործող չեմպիոն, պայքարելու է միայն ոսկե մեդալների համար: Ակումբի ղեկավարությունը և մարզչական շտաբն ամեն ինչ անում են, որպեսզի կրկնեն հաջողությունը:

 

- Մրցակից ակումբներից ո՞րն էր ավելի տպավորիչ տրանսֆերային շուկայում:
 


- «Գանձասարի» կազմում հայտնվեցին տեղացի բավական փորձառու խաղացողներ, ինչպիսի են՝ Արտակ Գրիգորյանը, Արարատ Առաքելյանը, Հրայր Մկոյանը… «Բանանցում» էլ կան նորեկներ, որոնք կարող են փոխել թիմի խաղը և արդյունքները: «Արարատը» տեղացի և սերբ փորձառու խաղացողներ է ընդգրկել իր կազմում: «Ալաշկերտն» է զգալիորեն փոխել կազմը: «Միկայում» էլ, Աղվան Մկրտչյանի հեռանալուց հետո, եղան համալրումներ:

Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ բոլոր թիմերին հաջողություն մաղթել նոր առաջնությունում: Ամենակարևորն այն է, որ ֆուտբոլիստները հեռու մնան վնասվածքներից, իսկ խաղադաշտում ծավալվի արդար պայքարը` ի շահ հայկական ֆուտբոլի: