Շիրակը ոչ ոքի խաղաց Տարազի հետ

16.02.2014

Շիրակը ոչ ոքի խաղաց Տարազի հետ

Այսօր Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Շիրակը ստուգողական հանդիպում  անցկացրեց Ղազախստանի բարձրագույն խմբում հանդես եկող Տարազի հետ:

Առաջին խաղակեսում թիմերից և ոչ մեկին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը: Շիրակը անընդհատ գրոհում էր, սակայն եզրափակիչ փուլը չէր ստացվում: Երկրորդ խաղակեսի 49-րդ րոպեին Շիրակի տուգանային հրապարակում պաշտպանները ձեռքով խաղացին և մրցավարը նշանակեց 11մ հարված: Այսպիսով, Տարազին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը:

Շիրակը մի քանի պահեր ուներ հանդիպման հաշիվը հավասարեցնելու, սակայն վստահ էր գործում ղազախների դարպասապահը: Սերժ Դեբլեն մի քանի անգամ նպաստավոր դիրքից շեղ հարվածեց, իսկ մեկ անգամ էլ Դեբլեի հարվածն իր վրա ընդունեց դարպասապահը: 65-րդ րոպեին վտանգավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք ստացան գյումրեցիները: Գնդակին մոտեցավ Դավիթ Մարիկյանը: Մոտ 25 մետրից կատարած հուժկու հարվածը մատների ծայրերով Տարազի դարպասապահը կարողացավ դուրս բերել անկյունային:  


Իսկ արդեն 74-րդ րոպեին ղազախները սեփական տուգանայինում ձեռքով խաղացին և մրցավարը կրկին նշանակեց 11մ հարված, որն էլ անվրեպ իրացրեց Սերժ Դեբլեն:


Հակառակորդը հանդիպման ավարտին ստացավ մի քանի վտանգավոր տուգանային հարվածների իրավունք: Սակայն հիանալի էր գործում Շիրակի դարպասապահ Արթուր Հարությունյանը, որը մի քանի անգամ փրկեց իր թիմին վերահաս գոլերից: 



«Շիրակի» մեկնարկային կազմը. Արթուր Հարությունյան, Աղվան Դավոյան, Հրայր Մկոյան, Գեւորգ Հովհաննիսյան, Դավիթ Մարիկյան, Կարեն Մուրադյան, Կուասի Էբուե, Էդուարդ Փանոսյան, Դավիթ Հակոբյան, Դամե Դիոպ, Սերժ Դեբլե:

Երկրորդ խաղակեսում փոխարինման են դուրս եկել. Տիգրան Դավթյան, Դիդյե Բորիս, Կարեն Ալեքսանյան, Անդրանիկ Բարիկյան, Արամ Մուրադյան, Դավիթ Ղանդիլյան, Արտյոմ Միքայելյան: