Վստահ հաղթանակ առաջնության վերջին խաղում

31.05.2015

Վստահ հաղթանակ առաջնության վերջին խաղում

Մայիսի 30-ին Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության վերջին` 28-րդ տուրում «Շիրակ»-ը հյուրընկալվել էր «Ուլիս»-ին: Խաղը տեղի ունեցավ Հանրապետական մարզադաշտում: Թեև խաղը մրցաշարային աղյուսակում փոփոխություն չէր կարող մտցնել, այնուամենայնիվ, հաղթանակը անչափ կարևոր էր թիմի համար` մրցաշրջանը վստահ ավարտելու համար:


Առաջին անգամ «Շիրակ»-ի մեկնարկային կազմում հանդես է եկել «Շիրակ-2»-ի ավագ, կենտրոնական պաշտպան Արման Թադևոսյանը: Խաղին բացակայում էր «Շիրակ»-ի գոլահար Ժան-Ժակ Բուգուհին` որակազրկման պատճառով. կենտրոնական հարձակվողի դերում այս անգամ հանդես եկավ Դավիթ Հակոբյանը:


Ողջ խաղի ընթացքում «Շիրակ»-ի ֆուտբոլիստները տիրում էին նախաձեռնությանը և կարողանում էին վերահսկել խաղը խաղադաշտի ողջ երկայնքով: Որպես հետևանք գյումրեցիները 4 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Առաջինը հաջողության հասավ Դրիսա Դիառասուբան, ով բացեց հանդիպման հաշիվը: Իսկ Բարիկյանը կրկնապատկեց այն: Հատկանշական է, որ այս երկու դեպքում էլ արդյունավետ փոխանցում կատարեց Դավիթ Հակոբյանը: Եւս երկու գոլ արձանագրվեց երկրորդ խաղակեսում: Փոխարինման մտած Վիուլեն Այվազյանը, ստանալով գնդակը տուգանային հրապարակի մատույցներում, կարողացավ գնդակն ուղարկել ցանցի մեջ: Իսկ 85-րդ րոպեին մեկ այլ փոխարինված ֆուտբոլիստ Ռոբերտ Դարբինյանը, փոխանցում ստանալով Կարեն Ալեքսանյանից, ներխուժեց տուգանային հրապխարակ աջ եզրով և գրավեց դարպասի հեռավոր անկյունը: Այսպիսով, «Շիրակ»-ը հաղթեց «Ուլիս»-ին խոշոր` 4:0 հաշվով:


«Շիրակ»-ի կազմը`

13.Էլյազյան Գոռ, 5.Դավթյան Տիգրան (15.Ալեքսանյան Կարեն 75'), 8.Մալաքյան Գոռ, 10.Հակոբյան Դավիթ, 12.Բարիկյան Անդրանիկ (23.Դարբինյան Ռոբերտ 71'), 14.Թադևոսյան Արման, 17.Մարիկյան Դավիթ, 20.Ստամենկովիչ Միլոշ, 22.Մալաքյան Էդգար, 25.Դավոյան Աղվան, 36.Դիառասուբա Դրիսա (7.Այվազյան Վիուլեն 58')


Հանդիպման գոլերը`

36.Դիառասուբա 29' (0:1), 12.Բարիկյան 42' (0:2), 7.Այվազյան 65' (0:3), 23.Դարբինյան 85' (0:4)


Խաղի ավարտից անմիջապես հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը: «Շիրակ»-ի ֆուտբոլիստները, մարզչական և ադմինիստրատիվ շտաբը ստացան բրոնզե մեդալները: «Շիրակ»-ի հարձակվող Ժան-Ժակ Բուգուհին «Փյունիկ»-ի հարձակվող Սեզար Ռոմերոյի հետ միասին դարձան Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2014/15 մրցաշրջանի լավագույն ռմբարկու և պարգևատրվեցին «ոսկե խաղակոշիկով»: Հավելենք նաև, որ վերջին խաղի արդյունքում «Շիրակ»-ի դարպասապահ Գոռ Էլյազյանը դարձավ մրցաշրջանի ամենաշատ "չոր խաղ" անցկացրած դարպասապահը. նա այս մրցաշրջանում 11 անգամ անառիկ է պահել սեփական դարպասը: