Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Ժիլինայում

24.07.2017

Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Ժիլինայում

 

«Շիրակի» կիսապաշտպան 18-ամյա Վահան Բիչախչյանը այսօր հինգ տարվա պայմանագիր է կնքել Սլովակիայի գործող չեմպիոն «Ժիլինայի» հետ։ «Ժիլինայում» Վահանը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով։ 


Ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում Վահանը շնորհակալություն է հայտնել մարզչական շտաբին, ակումբի ղեկավարությանը և երկրպագուներին. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահին, մարզիչներին և իմ խաղընկերներին, որոնք ինձ շատ բան են տվել, որոնց շնորհիվ էլ ես այսօր կարողանում եմ մեկ քայլ առաջ անել։ Շատ մեծ դժվարությամբ եմ հեռանում թիմից, որտեղ ես իմ առաջին քայլերն եմ արել, բայց նաև ուրախ եմ, որ ուժերս կփորձեմ ավելի բարձրակարգ առաջնությունում։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին, որոնք միշտ աջակցում են թիմին՝ թե վատ, թե լավ պահերին»։


Մեր հարցին թե ինչ կմաղթի ակադեմիայում մարզվող «Շիրակի» սաներին, Վահանն ասաց հետևյալը. «Ես ինքս իմ կարիերան սկսել եմ «Շիրակի» դպրոցում։ Մենք ունենք հիանալի մարզիչներ, որոնք ջանք չեն խնայում, որպեսզի լավ ֆուտբոլիստներ պատրաստեն «Շիրակի» առաջին թիմի համար։ Երեխաներին խորհուրդ կտամ շատ աշխատել, ներդնել բոլոր ուժերի իրենց նպատակին հասնելու համար, երբեք չհուսահատվել և միշտ շարժվել առաջ»։ 


Ակումբի ողջ անձնակազմի անունից մաղթում ենք հաջողություն հետագա կարիերայում։ Համոզված ենք, որ նա կհասնի նոր բարձունքների։