Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ առաջնության երրորդ տուրում «Շիրակը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Երևանի «Արարատի» հետ և հաղթեց 2։1 հաշվով։ Մեր թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մորի Կոնեն։ Վերջինս առաջին խաղն անցկացրեց ընթացիկ մրցաշրջանում, նախորդ երկու խաղը բաց էր թողել որակազրկման պատճառով։ Կոնեն հաշիվը բացեց առաջին կեսում (18՛) 11 մետրանոց նշակետից, իսկ երկրորդ գոլը խփեց ընդմիջումից հետո (53՛)։ Մրցակիցը միակ գոլը խփեց խաղի վերջում (90+6՛) կրկին 11 մետրանոց նշակետից։ Կայացած երեք տուրից հետո շիրակցիները վաստակել են վեց միավոր։