Գյումրու ֆուտբոլի ակադեմիա

Գյումրու ֆուտբոլի ակադեմիան շահագործման է հանձնվել 2014 թվականի սեպտեմբերին:  Բաղկացած է 1.200 քմ ընհանուր մակերեսով եռահարկ մասնաշենքից՝ կահավորված մարզչական սենյակներ, հանդերձարաններ, սանհանգույցներ, ցնցուղարաններ, դասասենյակ, լսարան, բժշկի սենյակ, վարչական մաս: Ակադեմիան ունի արհեստական 2 և բնական խոտածածկով 6 խաղադաշտ, որոնք համապատասխանում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար ընդունված բոլոր չափորոշիչներին:

Մեր սաները. «Շիրակի» ապագան

Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում մարզվում են ոչ միայն «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր և երկրորդ, այլ նաև մանկապատանեկան բոլոր թիմերը: Մեր սաների թիվը հասնում է հինգ հարյուրի, որոնք մարզվում և խաղում են տարիքային տարբեր խմբերում: 

Ընդունելությունը կազմակերպվում է սկսած 6 տարեկանից: Ներկա պահին «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան թիմերի թիվը հասնում է քսանի, որոնք մրցելույթներ են ունենում ինչպես քաղաքային ու մարզային, այնպես էլ հանրապետական առաջնություններում: 

Մեր սաները «Շիրակի» ներկան են ու ապագան: Երկար տարիներ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի գլխավոր թիմը հաջողությունների է հասել Գյումրու ֆուտբոլային դպրոցն անցած խաղացողներով: Այսօր նույնպես ակումբի կողմից մեծ ուշադրություն է դարձվում ակադեմիային, որտեղ ամենօրյա ռեժիմով թրծվում են ու ֆուտբոլային հմտություններն են կատարելագործում «Շիրակի» ապագա շատ ֆուտբոլիստներ: