Գյումրու «Շիրակը» տնային խաղերն անցկացնում է Հայաստանի հնագույն մարզական կառույցներից Գյումրու Քաղաքային մարզադաշտում, որը հիմնադրվել է 1921 թվականին: Բացումը տեղի է ունեցել 1924 թվականին: Վերանորոգվել է 1998, 2010 և 2019 թվականներին: Ունի 4250 նստատեղ, չորս մուտք, ավտոկայանատեղիներ: Մինչև 1988 թվականի ավերիչ երկրաշարժը մարզադաշտն ընդունել է մինչև 10 հազար երկրպագու:
1998 թվականի վերակառուցումից հետո արևելյան տրիբունայում տեղադրվել են նոր նստատեղեր: Ներկա պահին տեղավորում է 1388 հանդիսական: Արևելյան տրիբունայում առանձին սեկցիա նախատեսված է հյուր թիմ երկրպագուների համար:
2019 թվականին վերակառուցվել է նաև հյուսիսային տրիբունան, որն ունի 1500 նստատեց: 2010 թվականին վերակառուցվել է վարչական շենքը, ինչպես նաև տեղադրվել է նոր խոտածածկ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Խոտածածկն ունի դրենաժային համակարգ, ջրելու գործընթացը ավտոմատացված է:
Արևմտյան տրիբունան ունի 1326 նստատեղ: Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատվածում է գտնվում VIP օթյակը 52 անձի համար, նախագահական օթյակը 6 անձի համար: Կից տեղադրված են մամուլի ներկայացուցիչների համար նախատեսված սեղաններ: Ունի առանձնացված մեկնաբանի խցիկ, ինչպես նաև հանգստի ու այլ աշխատանքների համար նախատեսված սենյակներ:
Մարզադաշտի երկարությունը 105 մետր է, լայնությունը 68: Ունի վազքուղի, որտեղ իրենց ամենօրյա մարզումներն են անցկացնում Գյումրու թեթև աթլետիկայի մարզադպրոցի սաները:
2010 թվականի վերակառուցումից հետո մարզադաշտում տեղադրվել է թվային լուսատախտակ, որը 2023 թվականին փոխարինվել է նոր ու ժամանակակից լուսատախտակով:
2022 թվականին մարզադաշտում տեղադրվել է լուսավորության ժամանակակից համակարգ, ինչը թույլ է տալիս հանդիպումներ անցկացնել նաև երեկոյան ժամերին: