«Մարտահրավերն ընդունել ենք գիտակցաբար». Էդգար Թորոսյանի հարցազրույցը

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք թեմաների, խոսել թիմի, քաղաքի, ակումբի վարած քաղաքականության, երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատանքի ու այլ թեմաների մասին:

Գյումրու և «Շիրակի» մասին

«Մեծ պատմություն ունեցող ակումբ է, մեծ պատիվ է ինձ համար «Շիրակը» գլխավորելը: Շատ լավ միջավայրում ենք աշխատում, անհրաժեշտ ամեն ինչ ունենք մարզումային գործընթացը լիարժեք կազմակերպելու համար: Ունենք ակադեմիա, ունենք մարզադաշտ: Էլ ի՞նչ է պետք, մնում է աշխատել ու արդյունք տալ: Քաղաքի մասին էլ ավելորդ է խոսելը:

Մարզական քաղաք է՝ իր ավանդույթներով: Տեղի մարզիկները ունեն մարզական բնավորություն: Մի առանձնահատկություն էլ կա. օրինակ եթե Երևանում մարզիկը, ֆուտբոլիստը կարող է իրեն շատ բան թույլ տալ, ապա այստեղ պատկերն այլ է ու այդ առումով դա շատ լավ է ազդում խաղացողների վրա: Այսինքն ֆուտբոլիստի ուշք ու միտքը մարզումներն են»:

Ինչ առաքելությամբ է գլխավորել «Շիրակը»

«Կարծում եմ՝ ակնհայտ է, թե ինչ քաղաքականություն է որդգրել մեր ակումբը: Իհարկե այլ բան է, երբ գործ ունես թիմի հետ, որտեղ միայն կայացած ու փորձառու տղաներ են, մեկ այլ բան է, երբ թիմում մեծ թիվ են կազմում պատանի, երիտասարդ խաղացողները: Մենք ունենք ակադեմիա, որտեղ մարզվում են մոտ հինգ հարյուր սկսնակ ու պատանի ֆուտբոլիստներ: Վերջիններս մարզվում են, խաղում: Անցնում են տարիներ ու ո՞րն է նրանց համար վերջնանպատակը: Գյումրիում մեր ակադեմիայի սաների վերջնանպատակը կա ու պետք է լինի «Շիրակը»: Հիմա եթե մենք ամեն անգամ դրսից խաղացողներ հրավիրենք ու չօգտագործենք այն ռեսուրսն ու պոտենցիալը, որն ունի մեր ակադեմիան, ապա ակադեմիա ունենալու իմաստը կորում է: Հիմա մեր ակումբը այլ ուղղությամբ է գնում ու ես էլ որպես գլխավոր մարզիչ ընդունել եմ դա՝ մի կողմ դնելով մարզչական իմ ամբիցիաները, որը կարծում եմ ցանկացած մարզիչ ունի ու պետք է ունենա: Ես ինձ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը՝ հասկանալով ու գիտակցելով: Պատրաստ եմ այս աշխատանքը կատարելուն, իսկ մեր նպատակը մեր պատանի ու երիտասարդ խաղացողների համար ճիշտ ճանապարհ հարթելն է»:

«Ամեն ինչ անելու ենք մարզչական շտաբով մեր առջև դրված խնդիրը կատարելու համար: Հավատում եմ՝ մեզ մոտ կստացվի: Ինչքան էլ որ բարդ է, նաև՝ հաճելի: Պատկերացրեք ծառ եք տնկում, խնամում եք, ջրում, իսկ հետո այդ ճյուղը ծիլ է տալիս, պտուղ: Մեզ համբերություն է պետք այս գործում: Այնպես որ գիտակցաբար ենք բոլորս ընդունել այս մարտահրավերը ու հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ»:

Ոչ գյումրեցին՝ «Շիրակի» ղեկին

«(ժպտում է) Ընդհանրապես հարց չի եղել այդ առումով: Շատ արագ եմ մերվել կոլեկտիվին, թիմին, մարզչական շտաբին: Այդ հարցում բոլորն էլ ինձ օգնել են. մարզչական ողջ անձնակազմը, մարզական տնօրենը, ղեկավարությունը: Նման խնդիր չեմ ունեցել, շատ հեշտ է դա ստացվել ինձ մոտ: Մի խնդիր կա՝ ընտանիքս Երևանում է, բայց սա մեր աշխատանքն է ու պետք է հարմարվենք: Մնացած ամեն ինչ նորմալ է ու ես ինձ Գյումրիում շատ լավ եմ զգում»:

Գալիք մրցաշրջանի ու նպատակների մասին

«Ամեն խաղին մոտենալու ենք հաղթանակի սպասումով ու կապ չունի, թե ով կլինի խաղադաշտում՝ պատանի թե փորձառու ֆուտբոլիստ կամ ով է մրցակիցը: Չենք բավարարվելու միայն խաղով ու չենք պատրաստվում պարզապես դուրս գալ խաղադաշտ: Այո, շատ բարդ մրցաշրջան է մեզ սպասում, բայց միևնույն ժամանակ՝ շատ հետաքրքիր: Մենք շատ մոտիվացված ենք ու դաշտ ենք դուրս գալու միայն հաղթելու համար»:

Նախապատրաստական փուլի մասին

«Բնականոն հունով ընթանում է: Պատրաստվում ենք մրցաշրջանին Գյումրիում: Ստուգողական խաղեր ենք անցկացնելու: Օրական երկու մարզումով մարզական հավաք կունենանք: Պատրաստվելու հետ կապված որևէ խնդիր չկա»:

Տրանսֆերային գործերի մասին

«Անցած մրցաշրջանի վերջին հինգը խաղը մենք անցկացրեցինք բավականին թարմացված ու երիտասարդ կազմով: Ընթացքից չենք պատրաստվում շեղվել: Թիմից խաղացողներ են հեռացել ու սա պայմանավորված է ինչպես ակումբի որդեգրած քաղաքականությամբ, այնպես էլ ֆուտբոլիստների խաղում գրանցված առաջընթացով: Նորմալ ֆուտբոլային գործընթաց է: Կազմի առումով պետք է նշել, որ կփորձենք բալանսավորել ու երիտասարդների կողքին կլինեն նաև փորձառու տղաներ: Մյուս կողմից եթե նայենք նաև մեր լեգեոներների տարիքին, ապա նրանց կեսը, եթե ոչ ավելին երիտասարդ տղաներ են, բայց համեմատաբար ավելի մեծ փորձով: Օրինակ՝ Կոդիան, Մաջիկոն, Կոնեն»:

Երիտասարդ ֆուտբոլիստների մասին

«Առաջին խմբում խաղալը այլ բան է, Պրեմիեր լիգայում խաղալը՝ մեկ այլ բան: Բնական է՝ նկատվում էր լարվածություն, ինչ-որ մի տեղ անվստահություն, բայց պարզ է՝ ոչինչ միանգամից չի լինում ու ժամանակ է պետք: Բոլոր տղաները, որոնք այս ընթացքում ստացել են խաղաժամանակ ակումբի գլխավոր թիմում, ունեն պոտենցիալ ու ոչինչ արհեստական չի արվել ու չի արվելու: Սա հատուկ եմ ցանկանում ընդգծել: Ընթացքում տղաները կարող են սխալվել ու առանց դրա չէր էլ կարող լինել: Պետք է սխալվեն, ստանան հնարավորություն, կրկին կարող են սխալվել ու կրկին պետք է ստանան հնարավորություն: Մեկ շաբաթում կամ մի ամսում ոչինչ չի լինում, պետք է աշխատանք ու ժամանակ»:

«Ես նրանց միշտ ասում եմ, որ պատանեկանից անցումը պրոֆեսիոնալ ֆուտբոլ շատ արագ պետք է տեղի ունենա, բայց պարզ է՝ մեկ օրվա հարց չէ: Կարևորը՝ տղաները շատ մոտիվացված են, մարզիչներս նրանց հավատում ենք, նրանք էլ հավատում են, որ կարող են: Ավելին, այս ամենը շարունակական բնույթ է կրելու ու չի բացառվում նաև, որ նոր անուններ ի հայտ գան ընթացքում: Խաղացողի պոտենցիալից ու նրա ցույց տված ֆուտբոլից է կախված ու եթե մենք տեսնում ենք, որ կա աճ, ապա այդ ֆուտբոլիստն այնպայման պետք է ստանա հնարավորություն քայլ առաջ կատարելու համար: Պետք է խաղան, որ կատարելագործվեն, պետք է ձգտեն, ունենան նպատակ ու հանուն այդ նպատակի, ֆուտբոլային երազանքի ամեն ինչ անեն: Ակումբն իրենց այդ հնարավորությունը տալիս է, մնում է օգտվել դրանից: Ամեն ինչ տղաների ձեռքերում է»:

Երկրպագուների աջակցության մասին

«Գիտենք, որ ունենք երկրպագուների մեծ բանակ, որոնք շատ պահանջկոտ են ու դա շատ լավ է: Նրանց աջակցության կարիքը միշտ ունենք: Մեր թիմը ապագայի թիմ է ու նույն երիտասարդ տղաները ավելի մեծ նվիրվածությամբ են խաղում, երբ զգում են այդ աջակցությունը: Մի գործընթացի մեջ ենք, որ պետք է մեկս մյուսիս թև ու թիկունք լինենք: Մենակ ոչնչի չես հասնի: Վստահեցնում եմ՝ մեր կողմից ամեն ինչ անելու ենք ֆուտբոլային հաղթական օրեր մեր երկրպագուներին պարգևելու համար: Երկրպագուն միշտ իր սիրելի թիմից հաղթանակ է ակնկալում ու մերոնք էլ բացառություն չեն, բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցել՝ միասին պետք է գործենք, մեկ մարմնի պես՝ առանց կես ճանապարհից հիասթափվելու: Այդ դեպքում է միայն հնարավոր լուրջ արդյունքների հասնել: Կոչս հետևյալն է, որ լինեն մեր կողքին, իսկ մեր կողմից խոստանում ենք հուսախաբ չանել»: