Առաջին անգամ մարզական հավաք՝ Գյումրիում

Գյումրու «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Շիրակցիներն այս օրերին մարզվում են Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում՝ աշխատելով են օրական երկու մարզում գրաֆիկով:

Առջևում մարզական հավաքն է, որը կմեկնարկի հուլիսի 10-ին: Առաջին անգամ «Շիրակը» հավաք կանցկացնի հարազատ քաղաքում, որտեղ արդեն առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները: Մինչ այս նման հավաքներ հանրապետության երկրորդ քաղաքում չի անցկացվել:

Թիմը կհավաքվի Գյումրու Քաղաքային մարզադաշտում, որտեղ արդեն պատրաստ են ֆուտբոլիստների ու թիմի մնացած անձնակազմի համար նախատեսված սենյակները, հանգստի ու ժամանցի համար առանձնացված գոտիները, ճաշարանը և այլն:

Հավաքի շրջանակներում նախատեսված են նաև ընկերական հանդիպումներ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Գյումրու Քաղաքային մարզադաշտում «Շիրակը» մրցելու է ԲԿՄԱ-ի հետ (խաղի սկիզբը՝ 18:00), իսկ հուլիսի 15-ին կրկին Գյումրիում ընդունելու է վրացական «Թելավիին»: Երկրորդ խաղի ժամը դեռ հստակեցված չէ: Այս մասին կրկին նախապես կտեղեկացնենք: