Նորամուտը «Շիրակում» նշել է դեռ տարիներ առաջ, երբ 16 տարեկան էր: Զորակոչային տարիքում ներկայացրել է ԲԿՄԱ-ն, վերադարձել է հարազատ թիմ ու անցած տարվանից համարվում է «Շիրակի» գլխավոր թիմի լիարժեք անդամ: Լևոն Դարբինյանը «Շիրակի» ակադեմիայի սան է, անցել է ակումբի բոլոր տարիքային թիմերով, հասցրել է այս ընթացքում ներկայացել Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներ: Ինչպես ինքն է ասում, մանկուց երազել է կրել «Շիրակի» մարզաշապիկը: Այսօր նա դա անելու բացառիկ հնարավորություն ունի: Խոստանում է՝ անել ամեն ինչ ակումբի ղեկավարների, մարզիչների ու թիմի երկրպագուների սպասելիքներն արդարացնելու համար:
- Որպես ակադեմիայի սան բոլորիս համար երազանք է եղել «Շիրակում» խաղալը: 16 տարեկանում եմ նշել նորամուտս «Գանձասարի» հետ մրցավեճում: Դրանից երկու տարի անց արդեն համալրեցի ԲԿՄԱ-ի շարքերը: Մեկ տարի այնտեղ անցկացնելուց հետո վերադարձա Շիրակ: Մարզվում էի պարբերաբար գլխավոր թիմի կազմում ու այդ ժամանակ էլ նշել եմ նորամուտս արդեն մեկնարկային կազմում: Անցած տարվա ընթացքում ավելի հաճախ մարզիչները սկսեցին ինձ վստահել ու հիմա թիմի հետ միասին պատրաստվում ենք նոր մրցաշրջանին:
- Պատանեկան ֆուտբոլից անցումը դեպի պրոֆեսիոնալ շա՞տ բարդ գործընթաց է:
- Դժվարություններ կան, իհարկե, բայց դրանք հարկավոր է շատ արագ հաղթահարել: Մեկ-երկու խաղ ու դու պետք է փորձես ապացուցել, որ մարզիչները չեն սխավել քո հարցում՝ տալով խաղաժամանակ:
- Օրինակ, ինչպիսի՞ դժվարություններ կան:
- Ավելի շատ վստահության պակասն է զգացնել տալիս, բայց դա լրացվում է խաղալով: Եթե ուզում ես ֆուտբոլիստ դառնալ, ապա պետք է ձեռքից բաց չթողնես ոչ մի հնարավորություն՝ հաղթահարելով խոչընդոտները այդ թվում նաև գտնես վստահություն սեփական ուժերիդ նկատմամբ:
- Մեր ակադեմիայից այսօր շատ տղաներ են միացել «Շիրակի» գլխավոր թիմին:
- Որպես երիտասարդ ֆուտբոլիստ, որն անցնում է այդ փուլով, կարող եմ ասել, որ շատ լավ է: Մեզ՝ «Շիրակի» ակադեմիայի սաներիս, մարզիչները հնարավորություն են տալիս ու դրանից ավելի լավ բան հնարավոր չէ պատկերացնել: Միայն մնում է օգտվել ընձեռված հնարավորությունից ու արդարացնել սպասելիքները: Ինքնանպատակ չպետք է լինի, յուրաքանչյուրս պետք է մեր խաղով ապացուցենք, որ արժանի ենք խաղալ «Շիրակի» գլխավոր թիմում:
- Պատասխանատվություն զգո՞ւմ եք:
- Չեմ կարծում, որ «Շիրակում» եղել է կամ կա ֆուտբոլիստ, որը իր մաշկի վրա չի զգացել պատասխանատվություն, երբ կրել է թիմի մարզաշապիկը: Ես էլ բացառություն չեմ ու ճիշտ է, դեռ շատ խաղեր չեմ անցկացրել, սակայն զգում եմ ու գիտակցում եմ պատասխանատվությունը: Ստադիոնում՝ երկրպագուները, բակում՝ հարևանները, ընկերները ու ընդհանրապես շրջապատում գրեթե բոլորը, որոնք հետաքրքրված են ֆուտբոլով, առավել ևս «Շիրակով», սպասելիքներ ունեն ու մենք էլ որպես թիմի խաղացողներ, ամեն ինչ պետք է անենք դրանք արդարացնելու համար: Գաղտնիք չէ՝ մեզ մոտ երկրպագուները միշտ հաղթանակներ են ակնկալում ֆուտբոլիստներից ու պահանջը չափից դուրս մեծ է հատկապես գյումրեցիներից: Ու մեր ներկայությունը թիմում դեռ ոչինչ չի նշանակում, պետք է ձգտենք ու ամեն ինչ անենք հաղթելու համար՝ օգնելով թիմին առաջ գնալ ու զարգանալ, որովհետև «Շիրակը» միշտ պայքարել է ամենաբարձր տեղերի համար:
- Ի՞նչ վիճակում է ներկա պահին թիմը:
- Այս պահին մարզական հավաքի մեջ ենք, որը շատ լավ է ընթանում: Մարզիչների կողմից մշակված գրաֆիկի համաձայն շարժվում ենք առաջ: Արդեն մեկ ստուգողական խաղ անցկացրել ենք: Իմ կարծիքով վատ տեսք չունեինք՝ տղաները բոլորը նվիրված գործեցին: Վստահ եմ՝ ամեն հաջորդ խաղին ավելի լավ վիճակում կլինի թիմը ու պատրաստ կմոտենանք առաջնությանը:
- Ծանրաբեռնվածությամբ եք աշխատում, ծանր չէ՞ հատկապես երիտասարդների համար:
- Իհարկե, ծանր է: Օրական երկու մարզում ենք անցկացնում, բայց առանց դրա չի լինում: Եթե ցանկանում ենք պատրաստ լինել առաջնությանը, ապա պետք է անցնենք այս ճանապարհով: Դժվար է ֆուտբոլիստներիս համար, բայց գիտակցում ենք՝ մեր օգուտի համար է:
- Ի՞նչ է նշանակում քեզ համար խաղալ «Շիրակի» կազմում:
- Ոչ միայն ինձ, այլ մեզ՝ գյումրեցիներիս համար «Շիրակն» ամեն ինչ է: Մանկուց երազել ենք դառնալ նրա մի մասնիկը: Մեծ ընտանիք է ու նրա անդամ լինելը մեծ պատիվ է ու պատասխանատվություն:
- Հիշու՞մ ես, թե երբ ես առաջին անգամ դիտել «Շիրակի» խաղը մարզադաշտից:
- 2012 թվականի «Իմպուլիս» հետ եզրափակիչը: 11 տարեկան էի, տրիբունայից հետևում էինք խաղին: Անկեղծ կասեմ՝ մտածում էի կարո՞ղ է մի օր գա ես էլ «Շիրակի» կազմում խաղի մասնակցեմ այս ստադիոնում: Երազանք էր, ես էլ փոքր էի, բայց տարիներ անց հասկանում ես, որ ամեն ինչ էլ հնարավոր է աշխատանքի շնորհիվ:
- Ինչո՞ւ ես ընտրել ֆուտբոլը:
- Սիրում էի ֆուտբոլ խաղալ, բակում մշտապես խաղում էինք: 7 տարեկանից եմ սկսել՝ ընդունվելով մարզադպրոց: Փոքր ժամանակ շատ էինք խաղում՝ առավոտից մինչև ուշ երեկո: Բախտս երևի բերել է այն առումով, որ շատ էին հասակակիցներս ու բոլորս սիրում էինք ֆուտբոլ: Ի դեպ, հիմա նույնպես նկատում եմ, որ երեխաները խաղում են մեր բակի խաղադաշտում: Նրանց թիվն այդքան մեծ չէ, բայց կան երեխաներ, որոնք նախընտրում են խաղալ դրսում, այն էլ մեր օրերում, երբ շատ մեծ է կախվածությունը հեռախոսներից ու համակարգիչներից:
- Միթե՞ մեր օրերում դա նորմալ չէ:
- Չեմ կարծում, որ նորմալ է: Հիմա զբաղմունքներն ավելի շատ վիրտուալ դաշտում են ու շատ ավելի լավ կլիներ, որ երեխաներն ավելի շատ ժամանակ անցկացնեին դրսում, քան հեռախոսների էկրաններին նայելով:
- Եթե ժամանակը ետ տայինք, ապա կրկին առավոտից մինչև ուշ կլինեիր խաղադաշտու՞մ:
- Իմ մասով, երևի շատ բան չէր փոխվի: Դժվար միանայի հոսանքին: Չնայած մյուս կողմից բարդ է ասելը:
- Քո նշած վիրտուալ աշխարհում շա՞տ ես լինում:
- Առանձնապես շատ չեմ օգտվում: Ավելի շատ հեռախոսն ինձ համար ծառայում է որպես հենց հեռախոս, ընկերներիս, հարազատներիս հետ հաղորդակցվելու միջոց է, ոչինչ ավելին: Սոցիալական կայքերից շատ չեմ օգտվում:
- Ֆուտբոլային հանդիպումներ դիտու՞մ ես, հետևում ես անցուդարձին:
- Այո, դիտում եմ, հետևում եմ: Շատ եմ սիրում «Բարսելոնայի» ցույց տված ֆուտբոլը, դե իսկ Ինյեստայի խաղին հետևելը յուրօրինակ հաճույք էր: Խաղում էր ոչ միայն գեղեցիկ, այլ նաև օգտակար ֆուտբոլ: Ուշադիր էի նրա խաղին նաև այն պատճառով, որ ես էլ նրա խաղային դիրքում եմ գործում, շատ սովորելու ու վերցնելու բան կար:
- Հասցրել ես ներկայացնել պատանեկան հավաքականները: Ի՞նչ կասես այս առումով:
- Այո, եղել եմ Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Մեծ պատիվ է ներկայացնել քո երկիրը: Կարծում եմ՝ բոլոր ֆուտբոլիստների երազանքն է խաղալ իր երկրի ազգային հավաքականի կազմում: Դու հնարավորություն ես ստանում ինչ-որ օգուտ տալ քո երկրին քո բնագավառում:
- Այն սերնդի ներկայացուցիչն ես, որը հասցրել է մարզվել ու խաղալ պայմաններում, երբ խաղադաշտերը խորդուբորդ էին, խոտածածկի փոխարեն էլ հող:
- Պակաս չէինք մարզվում ու աշխատում: Իհարկե, ինչքան պայմանները լավն են, այդքան կատարելագործվելու հնարավորությունն է ավելանում: Մյուս կողմից երևի դա էլ այն խոչընդոտներից մեկն էր, որը մենք պետք է անցնեինք: «Շիրակում» հիմա նման խնդիր չունենք: Մնում է մարզվել, աշխատել ու էլի աշխատել՝ առանց կանգ առնելու:
- Կա խորհուրդ, որը տվել են քեզ ու որը մշտապես քո գլխում է:
- Խորհուրդ որպես այդպիսին չէ, բայց ունեմ կարգախոս, որով փորձում եմ առաջնորդվել առհասարակ կյանքում. չնայել ոչ մեկին, ամեն օր աշխատել ու ոչ թե համեմատվել ինչ-որ մեկի, այլ ինքդ քո հետ, որ այսօր ավելի ուժեղ լինես, քան՝ մեկ օր առաջ:
- Եղե՞լ է պահ, որ զղջաս, որ ընտրել ես ֆուտբոլը:
- Երբեք չեմ զղջացել, որ ընտրել եմ ֆուտբոլը: Այո, դժվար շրժաններ եղել են, բայց կարճ ժամանակ անց երբ հասկացել եմ, թե ինչքան եմ սիրում ֆուտբոլը, այդ ամենն անցել է:
- Ինչպե՞ս ես տանում պարտությունները:
- Ծանր: Այնպես չէ, որ տարիներով չեմ մոռանում, բայց որոշ ժամանակ թողնում է իր ազդեցությունը: Մատների արանքով հաստատ չեմ նայում դրան:
- Հանդիպումներից հետո հիշու՞մ ես քո խաղը:
- Այո, բոլոր դրվագները: Մտքումս պտտվում է ամբողջ խաղը, թե որ դրվագում կարող էի ավելի լավ գործել, որ դրվագում այնպես չարեցի, ինչպես պետք էր և այլն:
- Խաղային դիրքդ թույլ չի տալիս շատ գոլեր խփել:
- Չկա ֆուտբոլիստ, որը չի սիրում գոլ խփել: Մյուս կողմից ֆուտբոլը թիմային խաղ է ու կարևորն այն չէ, որ անպայման դու դա անես, թող դա անի խաղընկերդ, բայց թիմը հաղթի:
- Ֆուտբոլային նպատակներդ ու՞ր են հասնում:
- Նպատակներ ունեմ, բայց փորձում եմ շատ հեռուն չնայել, քանի որ ամեն ինչին պետք է քայլ առ քայլ մոտենալ: Եթե այդ ճանապարհին ամեն օր դու անում ես քեզնից հասանելիք առավելագույնը, ապա անպայման կհասնես քո ուզածին:
- Ֆուտբոլից դուրս ինչո՞վ ես զբաղվում:
- Այս պահին իմ կյանքում միայն ֆուտբոլն է, կենտրոնացած եմ միայն մարզումների վրա: Զուգահեռ հեռակա սովորում եմ Եվրոպական համալսարանում: Գտնում եմ՝ ուսումը շատ կարևոր է ու ֆուտբոլիստը պետք է կրթված լինի: Փորձում եմ լեզուներ յուրացնել այս ընթացքում՝ ռուսերեն, անգլերեն:
- Ո՞վ կամ ովքե՞ր են քո ամենամեծ քննադատները:
- Ընկերներս: Շատ ենք խոսում ֆուտբոլից, իմ խաղից, քննարկում ենք, զրուցում:
- Ընկերներ շատ ունե՞ս:
- Այո, շատ ընկերասեր եմ: Շրջապատս բավականին մեծ է, տարբեր նախասիրություններով ընկերներ ունեմ ու կարծում եմ՝ դա շատ լավ է: Մանկության ընկերներ ունեմ, որոնց հետ շատ եմ կապված: Ընկերությունը շատ լավ ու կարևոր բան է ինձ համար:
- Որքան կարևոր է, որ թիմում լինի ընկերական մթնոլորտ:
- Շատ: Գործը կրկնակի հեշտանում է: Կես խոսքից հասկանում եք իրար: Դա ինքնին բերում է արդյունքի:
- Ինչպիսի՞ն պետք է լինի թիմի հանդերձարանը:
- Միասնական, բոլորը պետք է պայքարեն հանուն մեկ նպատակի, մեկը մյուսի լավը պետք է ցանկանա: Միևնույն ժամանակ պետք է լինի առողջ մրցակցություն:
- Փորձառու խաղընկերներ ունեք: Զգու՞մ եք նրանց աջակցությունը:
- Այո, իհարկե: Առանց նրանց օգնության կրկնակի բարդ կլինի հատկապես երիտասարդներիս համար: Զգում ենք ու տեսնում նրանց աջակցությունը ինչպես խաղադաշտում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:
- Անցած ամիս մի քանի օր Վահան Բիչախչյանը մարզվեց թիմի հետ:
- Վահանը շատ լավ օրինակ է պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստի համար: Առաջ եթե բոլորը լսում էին, ապա հիմա բոլորը տեսնում են ու համոզվել են, որ հնարավոր է սկսել Գյումրիում, մարզվել, խաղալ ու ապագայում հասնել մինչև Եվրոպա: Մեր ակադեմիայի սաները տեսնում են, որ եթե մեկին հաջողվել է, ապա ինքն էլ կարող է: Պետք է դնել նպատակ, ձգտել ու փորձել հասնել: Վահանն այսօր Լեհաստանում է առաջին հերթին աշխատասիրության շնորհիվ: Օրինակ է բոլորիս համար:
- Աշխատասե՞ր ես:
- Ավելի ճիշտ կլինի հարցին մարզիչները պատասխանեն, նրանք ավելի լավ են դա տեսնում: Իմ կողմից կավելացնեմ, որ հնարավոր ամեն ինչ անում եմ ու ոչ մի դեպքում չեմ խուսափում աշխատանքից: 16 տարեկանից մինչ օրս չեմ բավարարվում միայն ամենօրյա մարզումներով, հաճախում եմ մարզասրահ: Այլընտրանք չկա սրան, եթե ուզում ես ֆիզիկապես պատրաստ լինել ՙ«Շիրակի» գլխավոր թիմում խաղալուն: Միշտ աշխատելու տեղ կա, առաջ գնալու տեղ կա, պարզապես չպետք է բավարարվել ունեցածով ու պետք է անընդհատ փորձել կատարելագործվել:
- Շուտով կսկսվի նոր մրցաշրջանը:
- Երիտասարդ թիմ ունենք, բայց մեր առջև կա դրված խնդիր: Ամեն խաղում պայքարել հաղթանակի համար: Ամեն ինչ կանենք մարզիչների ու մեր թիմի երկրպագուների սպասելիքներն արդարացնելու համար: