«Շիրակի» սաները՝ լավագույն ֆուտբոլիստ և ռմբարկու

Անցած մրցաշրջանի արդյունքներով «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սաներից էդգար Հակոբյանն ու Ալբերտ Գարեգինյանը արժանացել են մրցանակների:

Էդգար Հակոբյանը ճանաչվել է Հայաստանի մինչև 13 տարեկանների մանկապատանեկան առաջնության լավագույն ֆուտբոլիստ:

Պատանի ֆուտբոլիստը խաղում է «Շիրակ-1-10» թիմում (գլխավոր մարզիչ՝ Ռաֆայել Պալտաջյան), որն իր ենթախմբում անցկացրած 21 խաղից հետո վաստակած 53 միավորով զբաղեցրեց առաջին հորիզոնականը, դուրս եկավ եզրափակիչ փուլ և վերջնարդյունքում բավարարվեց չորրորդ հորիզոնականով:

Նկատենք, որ Էդգար Հակոբյանը մրցաշրջանի լավագույն ռմբարկուներից մեկն է՝ 21 խաղում խփած 28 գոլով:

Ալբերտ Գարեգինյանը ճանաչվել է Հայաստանի մինչև 17 տարեկանների առաջնության լավագույն ռմբարկու: Պատանի ֆուտբոլիստը խաղում է «Շիրակ-07» թիմում (գլխավոր մարզիչ՝ Գևորգ Ալեքսանյան): Ալբերտը լավագույն ռմբարկուի կոչմանն արժանանում է երրորդ տարին անընդմեջ: Այս անգամ նա անցկացրած 14 խաղում խփեց 14 գոլ: