Քամբեք՝ առաջին խաղում. Էդգար Թորոսյանի մեկնաբանությունը

IDBank Հայաստանի Պրեմիեր լիգայի մեկնարկային տուրում Գյումրու «Շիրակը» մրցակցի դաշտում մրցեց «Վեստ Արմենիայի» հետ ու կամային հաղթանակ տարավ 4:2 հաշվով: «Շիրակի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը որակազրկված է ու խաղին հետևում էր տրիբունայից: Վերջինս ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հանդիպումից, իր թիմի խաղի որակից՝ անդրադառնալով նաև մի շարք այլ թեմաների:

Խաղի  մասին. «Լավ էր, որ մեկնարկեցինք հաղթանակով, բայց խաղի որակի հետ կապված ունենք ավելացնելու տեղ: Որակից այդքան գոհ չեմ: Դրվագներով էր լավ: Արհեստական խոտածածկը մեզ մի փոքր խանգարեց, դա պարզ երևում էր: Բնականի վրա ենք մարզվում ու միանգամից արհեստականի վրա խաղացինք շատ շոգ եղանակի պայմաններում: Դա թողեց իր ազդեցությունը ընդհանուր խաղի ու մեր թիմի շարժողունակության վրա: Ինչ-որ տեղ ազդեց նաև այն, որ նախապատրաստական փուլում չհաջողվեց մեզ ավելի շատ ստուգողականներ անցկացնել ու փաստորեն վերջին խաղը խաղացել էինք երկու շաբաթ առաջ: Միևնույն ժամանակ և՛ հուսով եմ, և՛ վստահ, որ ամեն խաղին կավելացնենք ու կցուցադրենք ավելի լավ ֆուտբոլ»:

Սերյոժա Ուռուշանյանի խաղային նոր դիրքի մասին. «Խաղը ցույց տվեց, որ մենք չենք սխալվել: Նա այդ դիրքում շատ օգտակար է գործում ու ևս մեկ անգամ դա ապացուցեց՝ դառնալով երկու գոլի հեղինակ»:

Կազմի մասին. «Հատուկ ցանկանում եմ ընդգծել այն, որ այս խաղին մասնակցեցին մեր ակադեմիայի սաներից հինգը: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ակադեմիային, մեր սաներին ու շատ լավ է, որ կարողանում ենք հաղթանակի հասնել նաև նրանց օգնությամբ»:

Քամբեքի մասին. «Սկզբնամասում երկու ոչ պարտադիր գոլ ընդունելուց հետո թիմը բնավորություն ցույց տվեց ու կարողացավ բեկել խաղի ընթացքն ու չորս գոլ խփեց: Շատ կարևոր էր սկսել խփած գոլերով ու ամենակարևորը հաղթանակով»: