Պարտություն՝ Չարենցավանում. Էդգար Թորոսյանի մեկնաբանությունը

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության երկրորդ տուրում Գյումրու «Շիրակը» Չարենցավանում 1:0 հաշվով պարտվեց «Վանին»՝ չնայած ունեցած գոլային շատ պահերի: Շիրակցիների գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը, որը շարունակում է թիմի մրցելույթներին հետևել տրիբունայից որակազրկման պատճառով, խոսել է թիմի խաղից ու տվել իր մեկնաբանությունը:

«Կարծում եմ՝ հաշիվը չի արտացոլում պատկերը, որին ականատես եղանք խաղադաշտում: Բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցինք, բայց գոլի վերածել չհաջողվեց: Չեմ կարող դժգոհել խաղի որակից, բավականին լավ հանդիպում ստացվեց: Ունեինք խաղային առավելություն, գոլային պահեր ունեինք, որոնք կբավականցնեին երկու խաղի: Դիրքային լավ գրոհներ էինք կազմակերպում, պաշտպանությունում ևս վատ տեսք չունեինք: Հակագրոհները նույնպես ստացվում էին: Երկրորդ կեսի հենց սկզբում մի ակնթարթ զգոնությունը կորցրեցինք, չհավաքվեցինք ու գնդակ ընդունեցինք: Ցավալի պարտություն էր՝ հաշվի առնելով ստեղծած գոլային պահերի քանակը: Իրոք, ցավալի էր»:

«Խաղի որակի տեսանկյունից ավելի լավ տեսք ունեինք, քան առաջին տուրի խաղում, որը հաղթել էինք: Այս առումով դրական տեղաշարժը նկատելի է ու դեռ կարող ենք ավելացնել: Այս անգամ փոխարինման մտած խաղացողները լավ չմտան խաղի մեջ: Թերևս գոհացրեց Համլետ Մնացականյանի խաղը, որը փոխարինեց վնասվածք ստացած Վիդիչին: Շուտով կապաքինվի ու մեզ կմիանա նաև կիսապաշտպան Տրաորեն: Պետք է ավելի շատ համբերատար շարունակենք աշխատել ու գնալով, քայլ առ քայլ շարժվենք առաջ»: