Ո՞վ է հաղթել հայկական ու թուրքական թիմերի միջև կայացած առաջին պաշտոնական խաղում, ովքեր են հայ առաջին օլիմպիականները և հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ ու չափազանց հետաքրքիր այլ դրվագների ծանոթացան «Շիրակի» տղաները: Ամենի մասին պատմեց ու ներկայացրեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը, որի նախաձեռնությամբ Գյումրու պատմության թանգարանում կազմակերպվել է «Հայկական սպորտի և մարմնակրթության ակունքներում» խորագրով ժամանակավոր ցուցադրություն: Ներկա էր ու իր հետաքրքիր պատմություններով կիսվեց նաև հայտնի հայ մարզիկ Գրիգոր Ճոլոլյանի որդին՝ փարիզաբնակ մեր հայրենակից Պատրիս Ճոլոլյանը:
Ցուցադրությունը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Բացառիկ պատմական վավերագրերով ու լուսանկարչական նյութով հարուստ այս ցուցադրությունը ներկայացնում է հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ ու չափազանց հետաքրքիր դրվագները: